Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը մեկ այլ՝ նախկին կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու գործով դատական նիստին պաշտպանական ճառով հանդես եկավ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում նա հայտնեց, որ Թագուհի Մանսուրյանի հետ ծանոթացել է 2013թ. սեպտեմբերին, ամուսնացել են 2014թ. փետրվարին: Նրա խոսքով, Թագուհու հետ լավ հարաբերությունների մեջ են եղել մինչեւ երեխայի ծնվելը: Վլադիկը նշեց, որ ընտանեկան վեճերի հիմնական պատճառն իր նախկին զոքանչն ու աներն են եղել, որոնք անընդհատ «խառնվել» են իրենց ընտանեկան գործերին եւ Թագուհուն ներշնչել, թե Վլադիկ Մանսուրյանն իր հետ ամուսնացել է իր բնակարանին տիրանալու համար:
«Երեխայի ծնվելուց հետո ասել եմ Թագուհուն, որ 40 օր մնա ծնողների հետ մինչեւ կազդուրվի: Մի քանի օր անց նա զանգել է ինձ, ասել, որ բաժանվենք: Ես իրենց ոչ մի բանի վրա աչք չեմ դրել, ես էնքան ունեցվածք ունեմ, որ չգիտեմ՝ դրանց ոնց տիրություն անեմ»,-ասաց նա:
Վլադիկ Մարտիրոսյանը նախ իր բոլոր դժբախտությունների մեջ մեղադրեց նախկին կնոջը՝ պնդելով, որ այսօր տառապում է նրա պատճառով. «Ես նրանցից ընդամենը տեսակցություն եմ խնդրել իմ երեխայի հետ, իսկ նրանք դա թույլ չեն տվել: Կատարվածի մեղավորն այս կինն է, երեխայիս ծնվելուց հետո գնում էի շենք, որ լուսամուտից լսեմ, թե երեխաս ինչ ձայնով է լացում, իրենք էլ նաֆարով թափվում էին վրաս: Էսօր ես իմ երեխուն տեսակցելու կարոտ եմ մնացել»:
Վլադիկ Մարտիրոսյանը կատարվածի մեջ մեղադրեց նաեւ իրավապահ մարմիններին՝ նշելով, որ նրանք բավարար ուշադրություն չեն դարձրել ողբերգությունից առաջ կատարված դեպքերին, դրանց ընթացք չեն տվել, ողբերգությունից հետո էլ գործը խորությամբ չեն քննել, իրեն էլ մի շարք մեղադրանքներ են առաջադրել, որոնք իր հետ ոչ մի կապ չունեն:
«Ինձ դատեք ցմահ, բայց մտածեք էս հարցը լուծվելու ա՞, իմ երեխեն հայր ունենալու ա՞: Օրենքի բացակայության պատճառով կատարվեց այն, ինչ կատարվել է: Հիմա ինձ ինչի՞ համար են էդ մեղադրանքներն առաջադրել, թե իբր կնոջս ծեծել եմ, Վաչագան Մանսուրյանին իբր սպառնացել եմ, իրականությանը ոչ մի բան չի համապատասխանում»:
Վլադիկ Մարտիրոսյանը նշեց, որ իրեն առաջադրված մեղադրանքները չի ընդունում եւ խնդրեց դատարանին կայացնել արդարացման դատավճիռ:
Նշենք, որ այս գործով մեղադրողը Վլադիկ Մարտիրոսյանի համար պահանջել է 2 տարվա ազատազրկում եւ 200 հազար դրամի չափով տուգանք:
Մեղադրական եզրակացության համաձայն` Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմանում վիճել է նախկին կնոջ հետ եւ քաշքշել է նրան, տվել սպանության սպառնալիք: Բացի դրանից, Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմանում նախկին կնոջից` Թագուհի Մանսուրյանից, պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիքներ է տվել:
Հաջորդ օրը նույնպես Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ հոր հետ եւ տվել սպանության սպառնալիք: Այդ ընթացքում Մարտիրոսյանը մի քանի անգամ հարվածել է նրան: Հունիսի 22-ին նույնպես Մարտիրոսյանը որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորն ու նրա ընտանիքի անդամներին:
Հուլիսի 8-ին էլ Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանել է Թագուհի Մանսուրյանի հետ եւ դիտավորյալ հարվածել նրա գլխին:
Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով, իսկ Թագուհի Մանսուրյանին` ՔՕ 118-րդ հոդվածով:
Նշենք, որ դատարանում է գտնվում նաեւ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին կնոջը, զոքանչին եւ աներոջը կացնահարելու գործը:



























