Նախկին կնոջը, աներոջն ու զոքանչին կացնահարելու գործով ամբաստանյալ Վլադիկ Մարտիրոսյանը քրեական մեկ այլ՝ նախկին կնոջը մարմնական վնասվածքներ հասցնելու գործով այսօր՝ մարտի 28-ին մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 1 տարվա ազատազրկման եւ 80 հազար դրամի չափով տուգանքի: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում հրապարակվեց նաեւ այս գործով ամբաստանյալ, Վլադիկ Մարտիրոսյանի նախկին կնոջ դատավճիռը, որը մեղավոր ճանաչվեց եւ դատապարտվեց 70 հազար դրամի չափով տուգանքի:
Նշենք, որ այս գործով մեղադրողը Վլադիկ Մարտիրոսյանի համար պահանջել էր 2 տարվա ազատազրկում եւ 200 հազար դրամի չափով տուգանք:
Մեղադրական եզրակացության համաձայն` Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 12-ին ժամը 01:00-ի սահմանում վիճել է նախկին կնոջ հետ եւ քաշքշել նրան, սպանության սպառնալիք հնչեցրել: Բացի այդ՝ Վլադիկ Մարտիրոսյանը 2016թ. հունիսի 20-ին ժամը 01:00-ի սահմանում նախկին կնոջից` Թագուհի Մանսուրյանից պահանջել է թույլատրել որդուն տեսակցել, սակայն մերժում ստանալով` սպանության սպառնալիք է հնչեցրել:
Հաջորդ օրը Մարտիրոսյանը վիճել է նախկին կնոջ հոր հետ եւ տվել սպանության սպառնալիք: Այդ ընթացքում Մարտիրոսյանը մի քանի անգամ հարվածել է նրան: Հունիսի 22-ին նույնպես Մարտիրոսյանը որդուն տեսակցել չթույլատրելու համար սպանության սպառնալիքներ է տվել նախկին կնոջ մորն ու նրա ընտանիքի անդամներին:
Հուլիսի 8-ին էլ Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանել է Թագուհի Մանսուրյանի հետ եւ դիտավորյալ հարվածել նրա գլխին:
Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 137-րդ հոդվածի 1-ին մասով եւ 118-րդ հոդվածով, իսկ Թագուհի Մանսուրյանին` ՔՕ 118-րդ հոդվածով:
Նշենք, որ դատարանում է նաեւ Վլադիկ Մարտիրոսյանի կողմից նախկին կնոջը, զոքանչին եւ աներոջը կացնահարելու գործը:




























