Տավուշի մարզի դատախազության դատախազի ցուցումով ձերբակալվել է «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի անտառապահը:

Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ «Դիլիջան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի թիվ 14 պահաբաժնի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից 2017թ. փետրվար-մարտ ամիսներին ծառայության նկատմամբ անբարեխիղճ անփույթ վերաբերմունքի և իրենց պարտականությունները պատշաճ չկատարելու հետևանքով, բնության հատուկ պահպանվող տարածք հանդիսացող, նշված պահաբաժնի «Մոթմոմանց թալա» կոչվող տարածքում դեռևս ինքնությունը չպարզված անձանց կողմից կատարվել է 18 հատ թաց կանգուն և 1 հատ քամատապալ ծառերի ապօրինի հատում, որոնց հողով քողարկված կոճղերը հայտնաբերվել են 2018թ. մարտի 22-ին:

Նշված ծառերի ապօրինի հատմամբ պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 8 մլն 958 հազար դրամի գույքային վնաս:

Նկատի ունենալով, որ նյութերում առկա են պաշտոնեական անփութության և  ծառերի ապօրինի հատմամբ առանձնապես խոշոր վնաս պատճառելու հանցագործությունների առերևույթ հատկանիշեր մատնանշող բավարար տվյալներ, ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 2-րդ մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Դիլիջանի բաժնում հարուցվել է քրեական գործ:

Գործով նախաքննության օրչինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումով «Դիլիջան ԱՊ» ՊՈԱԿ-ի «Հաղարծին» տեղամաս մասնաճյուղի անմիջական պատասխանատու անտառապահը նախաքննական մարմնի կողմից ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր քննչական և դատավարական այլ գործողություններ՝ առերևույթ հանցագործության մեջ ներգրավված բոլոր անձանց և դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու ուղղությամբ: