Կեմերովոյի դատարանը չորեքշաբթի օրը կալանավորել է «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի հրդեհի գործով առաջին մեղադրյալին՝ առեւտրի կենտրոնի կառավարիչ Նադեժդա Սուդդենոկին, դատարանի դահլիճից փոխանցում է «ՌԻԱ Նովոսըի»-ն: «Որպես Սուդդենոկի նկատմամբ խափանման միջոց ընտրել 1 ամիս եւ 29 օրով կալանավորումը, այսինքն՝ մինչեւ մայիսի 25-ը», - հրապարակել է որոշումը դատավորը:
Ամբաստանյալը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի որոշումը: Պաշտպանը պահանջել է ազատ արձակել կնոջը: Իսկ քննությունը հղում է կատարել մտավախությունների ստանդարտ ցանկին՝ պնդելով, որ մեղադրյալը կարող է թաքնվել, այդ թվում՝ արտասահմանում, ազդել հետաքննության վրա, ճնշում գործադրել վկաների վրա եւ այլն:
Դատարանը որոշում պետք է կայացնի եւս չորս անձի գործով: Նրանց թվում են շենքի սեփականատեր ընկերության տեխնիկական տնօրենը, հրդեհային ազդանշանային համակարգերի սպասարկմամբ զբաղվող կազմակերպության ղեկավարը, ինչպես նաեւ անվտանգության աշխատակիցը, ով, ըստ Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի, ազդանշանը ստանալուց հետո անջատել է ազդարարման համակարգը:
Հիշեցնենք, որ Կեմերովոյում «Զիմնյայա վիշնյա» 4 հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը բռնկվել էր կիրակի օրը: Հրդեհի արդյունքում, ըստ վերջին տվյալների, 64 մարդ է մահացել, այդ թվում՝ 41 երեխա: Այրվող շենքը ենթակա է քանդման: Այսօր Ռուսաստանում համազգային սգո օր է:
Կեմերովոյի «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի կառավարիչը երկու ամսով կալանավորվել է
Հասանելի է
русский



























