Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում այսօր` մարտի 28-ին, «Սասնա ծռերի» գործով դատական նիստին մեղադրողները հրապարակեցին մահացած ոստիկանների դիակների փորձաքննության արդյունքները:

Ըստ փորձաքննության՝ գնդապետ Արթուր Վանոյանի մահը վրա է հասել փորձաքննությունից 24 ժամ առաջ: Նրա մարմնի վրա առկա են եղել կոտրվածքներ, որոնք պատճառվել են կենդանության օրոք: Հայտնաբերվել են քերծվածքներ դեմքի եւ նախաբազկի շրջանում, որոնք հասցվել են կենդանության ժամանակ:

ՊՊԾ գնդի տարածքում սպանված ոստիկան Յուրի Տեփանոսյանը, ըստ փորձաքննության, ստացել է գանգի դիմային հատվածի հրազենային վնասվածք, որը մահվան է հասցրել նրան:

Բացի այդ, փորձաքննությամբ պարզվել է, որ Յուրի Տեփանոսյանը վնասվածք է ստացել նաեւ կրծքավանդակի հետին մակերեսին, որը պատճառվել է կենդանության օրոք՝ մահվանցից անմիջապես առաջ՝ կույր առարկայով, որը վնաս չի պատճառել:

ՊՊԾ գնդի զավթման ժամանակ հրազենային վնասվածք ստացած, այնուհետեւ հիվանդանոցում մահացած ոստիկանության ծառայող Գագիկ Մկրտչյանը մահացել է կրծքավանդակի եւ որովայնի շրջանում ստացած հրազենային վնասվածքից:

Մեղադրողները շարունակում են հրապարակել գրավոր ապացույցները:

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի գործով դատաքննությունը մի քանի ամիս շարունակ չէր սկսվում, նիստերն անընդհատ տապալվում էին, որից հետո որոշում կայացվեց գործը բաժանել 3 մասի: «Սասնա ծռեր» խմբի 11 անդամի մասով գործը քննում է Արտուշ Գաբրիելյանը Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, իսկ անջատված մասերով երկու գործերը քննում են Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից գործուղված Մեսրոպ Մակյանն ու Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Արթուր Օհանյանը։

Նշենք, որ Արթուր Օհանյանն առողջական խնդիրների պատճառով այլեւս չի պաշտոնավարում, գործի նրա մասով նոր դատավոր է նշանակվել Արշակ Վարդանյանը։