ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության դեպք. 4 անձի առաջադրվել է մեղադրանք, եւս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2017թ. Երեւանի բնակչից հաղորդում է ստացվել առ այն, որ բնակարան գնելու հարցում աջակցելու պատճառաբանությամբ իրենից խարդախությամբ հափշտակել են գումար՝ պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:

Դեպքի առթիվ 2017թ. հունիսի 7-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, Երեւանի բնակիչը ճանաչվել է տուժող:

Ձեռնարկված մեծածավալ քննչական եւ դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից 4-ը Երեւանի բնակիչներ են, 1-ը՝ Էջմիածնի, հստակեցվել նրանցից յուրաքանչյուրի գործողությունները, մեխանիզմը:

Մասնավորապես՝ նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Երեւանի 47-ամյա բնակիչը, տեղեկանալով տուժողի՝ բնակարան գնելու մտադրության մասին, ներկայացել է որպես անշարժ գույքի գործակալ, ՊՆ բարձրաստիճան պաշտոնյայի ընկեր եւ խոստացել աջակցել ՊՆ-ից 2 բնակարան ձեռք բերելու հարցում։ Հանցավոր մտադրությունն իրականացնելու նպատակով՝ 47-ամյա տղամարդը բնակարանի պոտենցիալ գնորդին ծանոթացրել է իր տարբեր ընկերների հետ, որոնցից ոմանք ներկայացել են որպես Երեւանի քաղաքապետարանի եւ պաշտպանության նախարարության պաշտոնյաներ եւ պատրաստակամություն հայտնել աջակցել բնակարանի ձեռք բերման հարցում։ Համապատասխան փաստաթղթային ձեւակերպումներն իրականացնելու, կաշառք տալու պատրվակով գնորդից պահանջել եւ ստացել են ընդհանուր առմամբ 16.800 ԱՄՆ դոլար գումար: Քննության տվյալներով՝ խարդախությամբ գումար հափշտակելուն առնչություն է ունեցել 5 անձ:

Մինչդատական վարույթում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա մեղադրանք է առաջադրվել 4 անձի. նրանցից մեկին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 38-34-312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, երկրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, երրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, չորրորդին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով: Եվս մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։

Քրեական գործը 4 մեղադրյալների մասով անջատվել է առանձին վարույթ, հայտարարվել նախաքննության ավարտի մասին եւ քրեական գործն ուղարկվել դատարան։ Անջատված մասով նախաքննությունը շարունակվում է եւ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ հետախուզվողին հայտնաբերելու ուղղությամբ։