Գերմանիայի կառավարությունը համաձայն չէ այն պնդումների հետ, որ Սկրիպալի եւ նրա դստեր թունավորման գործի կապակցությամբ չորս ռուս դիվանագետի արտաքսումը վաղաժամ էր, հաղորդում է AP-ն: Մի շարք ընդդիմադիր պատգամավորներ քննադատել են կառավարությանը՝ ռուս դիվանագետների արտաքսման մասին որոշման համար:

Գերմանիայի ԱԳՆ մամուլի քարտուղար Ռայներ Բրեուլը հայտարարել է, որ Ռուսաստանը որեւէ ջանք չի գործադրել «բրիտանական հետաքննության շրջանակներում կառուցողական համագործակցության համար»: Նրա խոսքով՝ Մոսկվան «ոչ մի այլ իրատեսական բացատրություն չի տվել» իր՝ թունավորման գործում ներգրավված չլինելու կապակցությամբ, եւ այդ պատճառով «հետախուզության հետ կապված» դիվանագետների արտաքսումը «ողջամիտ եւ համաչափ» որոշում էր:

Կառավարության ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերն ասել է, որ «Մեծ Բրիտանիայում ընթացող հետաքննությունն իրականացվում է շատ բարձր մակարդակով, եւ Եվրամիության անդամ երկրների որոշումը կայացվել է բրիտանական կառավարության կողմից ինտենսիվ շփումների եւ բացատրությունների արդյունքում»: