Հնարավոր չէ, որ  Խոսրովի անտառում հրդեհի առաջացման պատճառը չոր խոտի ինքնաբռնկումը լիներ: NEWS.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը` անդրադառնալով Քննչական կոմիտեի ներկայացրած տվյալներին, ըստ որի` հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից:

«Ես չեմ հավատում այդ վարկածին եւ շատ փոքր հավանականություն կա, որ դա բնական երեւույթ էր, մարդու կողմից չէր: Դա անզգուշության հետեւանք էր, ըստ իս, ինչպես որ սովորաբար լինում են հրդեհները: Ես չէի հավատում նաեւ նախնական վարկածին, որ դա միտումանվոր է արվել, քանի որ նման դեպքեորւմ հիմանկանում անփութության հետեւանքով  է լինում: Ինձ համար անընդունելի է քննչական կոմիտեի այս վարկածը»,-ասաց բնապահպանը:

Բնապահպանը հավելեց, որ ավելի լուրջ քննություն պետք է տարվեր, սակայն անիմաստ է Հայաստանի իրավապահ մարմիներին նման դեպքերում խորհուրդ տալը:

Նշենք, որ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել էր, որ կարճվել է Խոսրովի անտառի հրդեհի փաստով հարուցված քրեական գործը։

2017 թվականի օգոստոսի 12-ին «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Զիմնի» կոչվող հատվածում և հարակից տարածքներում նախնական քննությամբ հրդեհի առաջացման պատճառների մեջ մարդկային գործոնը վկայող ապացույցներ ձեռք չեն բերվել։

Ինչ վերաբերում է հրդեհի առաջացման պատճառներին, ապա քանի որ ըստ քրեական գործի տվյալների խոտհնձիչները և անտառտնտեսության աշխատակիցները գտնվել են հրդեհի առաջնային այրման գոտուց՝ առաջին օջախից բավականին մեծ հեռավորության վրա, ապա հրդեհի առաջացումը խոտհնձիչների շահագործումից, քիչ կալորիականության աղբյուրներից և բաց կրակից (չմարված ծխախոտի գլանակ, այրվող լուցկի, կրակայրիչ և այլն) կարելի է բացառել: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով եղանակային պայմանները (օդի բարձր ջերմաստիճան, տեղումների բացակայություն), ինչպես նաև խոտածածկ տարածքների ու չոր խոտի քանակությունը, կարելի է եզրակացնել, որ հրդեհն ամենայն հավանականությամբ առաջացել է չոր խոտի ինքնաբռնկումից: Այսպիսով վերլուծելով և իրենց համակցության մեջ գնահատելով քրեական գործով ձեռք բերված փաստական տվյալները՝ պետք է արձանագրել, որ գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտության արդյունքում Պետրոս Հովհաննիսյանի կողմից առավել վտանգի այլ աղբյուր հանդիսացող խոտհնձիչի շահագործման ընթացքում անզգույշ վերաբերմունք դրսևորելու հետևանքով «Խոսրովի անտառ պետական արգելոց» ՊՈԱԿ-ի «Զիմնի» կոչվող հատվածում հրդեհի առաջացման վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք չեն բերվել, որպիսի պայմաններում նրա նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է՝ նրա արարքում հանցակազմի բացակայության հիմքով: