«Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի գործունեությունից տուժած տնտեսվարողների դիմումին կառավարությունից պատասխանել են: «Հայ տնտեսվարողների եւ սպառողների իրավապաշտպան կենտրոն» ՀԿ նախագահ Արթուր Աթոյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց. «Մեկ շաբաթ առաջ պատասխան ստացանք, որ գլխավոր դատախազություն են դիմել, որպեսզի ուսումնասիրություններ իրականացվեն՝ հասկանալու նոր քրեական գործ հարուցել պետք է, թե ոչ»:

Նշենք, որ այս գործով քրեական գործ է հարուցվել ՀՀ ՔՕ 118-րդ հոդվածով՝ հարկերից խուսափելը եւ 193-րդ հոդվածով՝ Կանխամտածված սնանկությունը, մինչդեռ Աթոյանը պնդում է, որ պետք է քրգործ հարուցվի նաեւ տնտեսվարողներից գումար շորթելու հատկանիշներով:

Արթուր Աթոյանի խոսքով, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն փորձում է գումար շորթել 240 մանրածախ տնտեսվարողներից։ Նա նշել է, «Աշտարակ կաթ»-ում գործել է հանցավոր խումբ. մանրածախ տնտեսվարողները մինչեւ 2016 թվականը ապրանքներ են ստացել առաքիչներից, վճարել դրա դիմաց։ Առաքիչները հաջորդ այցերին տնտեսվարողներին տվել են գումարների անդորրագրերը, նոր ապրանք տվել, գանձել կանխիկ գումարը:

Հիշեցնենք, որ օրերս ընկերությունից տուժած տնտեսվարողները բողոքի ակցիա էին կազմակերպել կառավարության դիմաց եւ նամակ հանձնել վարչապետին: