Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում 3-ամյա երեխային պատանդ վերցնելու եւ նախկին կնոջն ու նրա տատիկին մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ մեղադրվող Արգամ Հովիկյանի մեղադրանքը մեղմացվել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արգամ Հովիկյանի պաշտպանը` Արսեն Սարգսյանը:

«2 անձի սպանության փորձից մեղադրանքը փոխվեց մեկ անձի սպանության փորձ, որը բավական մեղմացեուցիչ էր: Եթե 2 անձի սպանության փորձի համար ցմահ ազատազրկում էր հասնում, ապա հիմա բավական մեղմացվել է մեղադրանքը»,-ասաց նա:

Փաստաբանը հավելեց, որ գործով նախաքննությունն ավարտվել է, գործը մակագրվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատավոր Վահե Խալաթյանին:

Նշենք, որ Արգամ Հովիկյանին նաեւ նոր մեղադրանք է առաջադրել: Նա մեղադրվում է նաեւ դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու և ապօրինի կերպով սառը զենք կրելու մեջ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2017թ. հոկտեմբերի 30-ին մի տղամարդ դանակով զինված ներխուժել է Արմավիրի «Մանուշակ» մանկապարտեզ: Պարզվել է, որ այդ քաղաքացին Արգամ Հովիկյանն է, որը դանակի սպառնալիքով մանկապարտեզում պատանդ է պահել 3-ամյա երեխայի՝ պահանջելով հանդիպում իր նախկին կնոջ հետ: Բանակցությունների ընթացքում ոստիկանության ծառայողներին հաջողվել է երեխային անվնաս հանել սենյակից:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ տղամարդուն մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 218-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ եւ 4-րդ կետերով: Նա կալանավորված է:

Արգամ Հովիկյանը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ մանկապարտեզ էր գնացել կնոջ հետ վերջնական խոսելու եւ նրան տուն վերադարձնելու նպատակով, իսկ եթե չստացվի, նպատակ է ունեցել կնոջ աչքի առջեւ ինքնասպան լինել: