Մարտի 29-ին, ժամը 15:02-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի դատարանի տանիքը ուժեղ քամուց պոկվել եւ ընկել է մոտակայքում կայանած ավտոմեքենայի վրա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը եւ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ քամուց պոկվել են Ջերմուկի խճուղու թիվ 8 հասցեում գտնվող «Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան»-ի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 120 քմ հատված եւ 250 գմ փայտյա կառուցատարրեր:
Ըստ ականատեսների` պոկված թիթեղյա ծածկն ընկել է դատարանի մոտ կայանած «BMW» մակնիշի 34 ZD 719 պետհամարանիշի ավտոմեքենայի վրա, կոտրել ձախակողմյան հայելին եւ ավտոմեքենայի տարբեր հատվածներում առաջացրել քերծվածքներ:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը թիթեղյա ծածկը տեղի ուժերով հեռացվել է ավտոմեքենայի վրայից:
Տեղազննման արդյունքում պարզվել է, որ քամուց վնասվել է Ջերմուկի խճուղում գտնվող թիվ 8/3 տան տանիքի ազբոշիֆերներից մոտ 30 քմ հատված, իսկ 8 քմ հատվածը թուլացել եւ կախվել է, ձեւախախտվել են թիվ 10ա հասցեում գտնվող «Վայք» տուրիզմի կենտրոնի օդորակիչը եւ ալեհավաքը, պոկվել է հեռախոսագծերի սպասարկման կայանը սնուցող կապի հանգույցի 10000 Վ հզորությամբ մալուխը, պոկվել են թիվ 6 հասցեում գտնվող առեւտրի սրահի հովվածածկը (մոտ 6 քմ) եւ տանիքի ազբոշիֆերներից մոտ 15 քմ հատված, թիվ 4/3 հասցեում գտնվող շինության տանիքի ազբոշիֆերներից մոտ 18 քմ հատված, Շահումյան փողոցի թիվ 1/1, 2 եւ 3 հասցեներում գտնվող առեւտրի սրահների ընդհանուր տանիքի ազբոշիֆերներից մոտ 60 քմ հատված, թուլացել եւ կախվել են Շահումյան փողոցի թիվ 12 շենքի տանիքի թիթեղյա ծածկը (մոտ 13 քմ), թիվ 6 շենքի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 18 քմ հատված եւ Չարենցի փողոցի թիվ 6 հասցեում գտնվող մարզադպրոցի տանիքի թիթեղյա ծածկից մոտ 12 քմ հատված:
Փրկարարներն ապամոնտաժել են Ջերմուկի խճուղու՝ Մ. Հ.-ին պատկանող թիվ 8/3 տան տանիքից կախված մոտ 8 քմ ազբոշիֆերը:
Դեպքի վայրում են գտնվել մարզպետարանի քաղաքաշինության վարչության առաջատար մասնագետ Ս. Հ.-ը եւ Վայքի համայնքապետարանի գլխավոր մասնագետ Գ. Մ.-ը:




























