Սպորտային սնունդի եւ հանդերձանքի ամերիկյան արտադրող Under Armor Inc. ընկերությունը հայտնել է իր հավելվածներից մեկի՝ MyFitnesPal-ի 150 մլն օգտատերերի տվյալների հափշտակման մասին, փոխանցում է Bloomberg-ը:
Հաքերային հարձակումն իրականացվել է դեռեւս փետրվարին, սակայն այդ մասին հայտնի է դարձել միայն այս շաբաթ: Կիբերհանցագործները գողացել են MyFitnessPal-ի օգտատերերի էլեկտրոնային հասցեները, լոգիններն ու գաղտնագրերը: Under Armor-ից նշել են, որ հաքերներին չի հաջողվել հասանելիություն ստանալ վարկային քարտերին, սոցապահովագրության քարտերի եւ վարորդական իրավունքների համարներին: Ընկերությունն արդեն օգտատերերին զգուշացրել է միջադեպի մասին եւ խնդրել փոխել հավելվածի մուտքի գաղտնագրերը:
Bloomberg-ը նշել է, որ կիբերհարձակման մասին տեղեկություններից հետո Under Armor-ի արժեթղթերը էժանացել են 4,6 տոկոսով՝ հասնելով մինչեւ 15,59 դոլարի: Ընկերությունը MyFitnessPal հավելվածը ձեռք է բերել դեռեւս 2015 թվականին: Դրա օգնությամբ օգտատերերը կարող են հետեւել օգտագործած կալորիաներին եւ կազմել վարժությունների անհատական համալիր:
Հունվարի վերջին համացանցում էր տեղադրվել The Global Heat Map քարտեզը, որում գրանցված են Fitbit եւ Jawbone ֆիթնես ուղիներով օգտատերերի տեղաշարժումը: The Washington Post պարբերականի տեղեկություններով՝ քարտեզի վրա հայտնաբերվել էին նաեւ Սիրիայում, Իրաքում, Աֆղանստանում եւ Աֆրիկայում ամերիկյան օբյեկտների զինվորականների երթուղիները:




























