«Արմավիր» ՔԿՀ դատապարտյալ Ա. Մ.-ն ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է ահազանգել, որ նույն մասնաշենքում գտնվող երկու այլ դատապարտյալների հետ լարված հարաբերությունների մեջ է, եւ դրա պատճառով իր կյանքին վտանգ է սպառնում:

Այս առնչությամբ, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«Դատապարտյալն այդ մասին հեռախոսազանգի միջոցով հայտնել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աշխատակցին, որից հետո 2018 թ. փետրվարի 14-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դատապարտյալի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ քայլեր ձեռնարկելու հարցով դիմել է ՀՀ արդադատության նախարար Դ. Հարությունյանին:

Նախարարությունը հերթական անգամ ՔԿՀ-ում առկա խնդիրների մասին դիմումը վերահասցեագրել է Քրեակատարողական վարչություն, որն էլ դիմումը նույն՝ «Արմավիր»  ՔԿՀ է ուղարկել:

 «Արմավիր» ՔԿՀ աշխատակիցը 2018 թ. փետրվարի 20-ին գրավոր բացատրագիր է վերցրել դատապարտյալ Ա. Մ.-ից, որում վերջինս նշել է, թե ահազանգը կատարել է «հոգեկան ընկճված վիճակում եւ ցանկացել է դրանով ուշադրություն գրավել»:

Բացատրագրում նշել է նաեւ, որ իր անվտանգությունը լիովին ապահովված է ՔԿՀ ծառայողների կողմից:

ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ Ա. Աֆրիկյանը, դատապարտյալի այս բացատրագիրը հիմք է ընդունել եւ իր 2018 թ. փետրվարի 22-ի պատասխանում պնդել, թե Ա. Մ.-ն այլ դատապարտյալների հետ խնդիրներ չունի եւ որ նրա անվտանգությունն ապահովված է ՔԿՀ-ում:

Ակնհայտ է, որ վերոնշյալ բացատրագրում դատապարտյալը պետք է գրեր, որ ՔԿՀ-ում իր անվտանգությունն ապահովված է ՔԿՀ ծառայողների կողմից, որովհետեւ բացատրագիրը գրելիս գտնվել է հենց նույն ծառայողների հսկողության ներքո: Նա չէր կարող օբյեկտիվորեն ներկայացնել իրավիճակը:

Մինչդեռ քրեակատարողական հիմնարկում գտնվող անձանց դիմում գրելու հնարավորությունը վատ վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի երաշխիքներից մեկն է, հետեւաբար՝ պետք է ապահովվի ոչ միայն դիմում գրելու, այլեւ բողոքները պատշաճ կարգով եւ անկախ մարմինների կողմից քննելու հնարավորությունը:

Այս հարցով 2018 թ. մարտի 22-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը կրկին դիմել է ՀՀ Արադարադատության նախարարություն եւ շեշտել, որ անթույլատրելի է բողոքի հասցեագրումն այն մարմնին, որի գործողությունների վերաբերյալ բողոք է ներկայացվել: