Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստին հրապարակվել է գործով վկաներից Խաչիկ Մինասյանի նախաքննական ցուցմունքը: Խաչիկ Մինասյանը Հայկազ Բարսեղյանի սպանության օրը Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում օրապահ է եղել, նա նախաքննական մարմնին պատմել է, որ սպանության օրը տեսել է, թե ինչպես են գործով ամբաստանյալները մտնում Հայկազ Բարսեղյանի սենյակ, լսվում են ձյաներ, հայհոյանքներ, որից հետո այլեւս ձայներ չեն լսվում: Խաչիկ Մինասյանն ավելի ուշ հրաժարվել է նախաքննական ցուցմունքից: NEWS.am-ի հետ զրույցում սպանված կուրսանտի հայրը՝ Արկադի Բարսեղյանը նշեց, որ ամբաստանյալներից Մովսես Ազարյանի հայրը փորձել է դատարանի բակում մոտենալ վկային եւ զրուցել նրա հետ: Ավելի ուշ վկան դատարանի դահլիճում հայտարարել է, որ ամբաստանյալի հոր հետ նախկինում էլ է հանդիպել, թե ինչ են զրուցել հանդիպման ժամանակ, վկան նշել է. «Ինչից պետք է խոսեինք՝ գործից»:

Խաչիկ Մինասյանը հրաժարվել է պատասխանել կողմերի հարցերին:

Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Ըստ մեղադրանքի՝ նրանք 2015թ. հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, զորամասի ննջարանում դաժանությամբ սպանել են կուրսանտ Հայկազ Բարսեղյանին, ապա հետքերը թաքցնելու նպատակով կախել նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից, նրա անունից գրություն թողել, թե իբր ինքնասպան է եղել: Ամբաստանյալներն իրենց մեղավոր չեն ճանաչում: