«Մանանա Գրեյն» ընկերության փոխտնօրեն Արմեն Մանուկյանի մեքենայից 56 մլն դրամ գողանալուն օժանդակելու համար 5,5 տարվա ազատազրկման դատապարտված Աշոտ Առուշանյան բողոքի հիման վրա ՄԻԵԴ-ում վարույթ է սկսվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը:
«ՄԻԵԴ-ը հարցումներ է ուղարկել Հայաստանի դատական ատյաններ` պարզելու թե ինչ հիմքերով են նրան կալանավորել մինչեւ առաջին ատյանի դատարանի որոշման կայացումը: Այսինքն` մեր դիմումով ՄԻԵԴ-ն արդեն վարույթ է ընդունել»,-ասաց պաշտպանը:
Պաշտպանը հավելեց, որ Աշոտ Առուշանյանն արդեն ազատության մեջ է եւ աշխատում է:
Հիշեցնենք, որ դատարանը Աշոտ Առուշանյանին դատապարտել էր 5 տարի 6 ամիս, Էդգար Կարաքեշիշյանին՝ 7 տարի 6 ամիս ազատազրկման։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Աշոտ Առուշանյանն օժանդակել էր խմբով առանձնապես խոշոր չափերի գողություն կատարելու դիտավորություն ունեցող իր ընկերներ Էդգար Կարաքեշիշյանին եւ ծանոթ Արտաշես Գալստյանին` նրանց տրամադրելով տեղեկատվություն առանձնապես խոշոր չափերի գումարի վերաբերյալ: Կասկածյալ Արտաշես Գալուստյանը նախաքննության ընթացքում ցուցմունք էր տվել, թե 2011թ. հունիսի սկզբին Օպերայի տարածքում գտնվող սրճարաններից մեկում ինքը, Էդգար Կարաքեշիշյանը եւ Աշոտ Առուշանյանը հանդիպել են, վերջինը Կարաքեշիշյանին է փոխանցել HSBC բանկի համակարգչային բազայից հանված մի թուղթ, որի վրա նշված է եղել տուժողի՝ «Մանանա Գրեյն» ՍՊԸ-ի տնօրենի կողմից տեղափոխված գումարի մասին եւ այլ տեղեկատվություն: Արտաշես Գալուստյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը դրանից հետո փոխվել էր, նա ազատ էր արձակվել եւ հաշված օրեր անց նրան հոր հետ գտել էին կախված վիճակում:
Առուշանյանը մեղավոր էր ճանաչվել ու դատապարտվել 5 ու կես տարվա ազատազրկման։ Վերաքննիչ դատարանն անփոփոխ էր թողել առաջին ատյանի դատարանի վճիռը: Աշոտ Առուշանյանը մինչեւ օրս պնդում է, որ մեղավոր չէ: Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել Վերաքննիչի որոշումը: Առուշանյանները դիմել են Մարդու իրավունքների եվրոպական դատարան:




























