Կեմերովոյի Կենտրոնական շրջանային դատարանը «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնի հրդեհի գործով, որը 64 մարդու կյանք է խլել, շաբաթ մինչեւ մայիսի 25-ը կալանավորել է Կեմերովոյի մարզի պետական շինարարական հսկողության տեսչության նախկին պետ Տանզիլիա Կոմկովային, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Կոմկովան առեւտրի կենտրոնի հրդեհից հետո փորձել էր քննությունից թաքնվել: Քննչական կոմիտերի մարզային ղեկավարության ներկայացուցիչը հայտարարել է, որ պաշտոնյան կարող էր օգնել «Զիմնյայա վիշնյա»-ի ողբերգության հանգամանքների քննությանը: Սակայն քննիչների մոտ գալու փոխարեն, Մոսկվա է մեկնել:
Կոմկովային ձերբակալել են իր ազգականների կամ մտերիմների մերձմոսկովյան տանը: «Ստիպված էինք Կեմերովո բերելու հարկադրանքի միջոցներ ձեռնարկել, որ նա այստեղ պարզաբանումներ տա»,- ասել է քննչական մարմնի ներկայացուցիչը:

Ավելի վաղ ՔԿ-ն հայտնել էր, որ Կոմկովայի դեմ քրեական գործ է հարուցվել պաշտոնեական լիազորությունների չարաշահման համար: Դրանից բացի, քննության տվյալներով, այրված ԱԿ-ն կառուցվել է ինքնակամ՝ առանց շինարարության թույլտվության:
Կոմկովային, որը որոշում է ընդունել մարտի 25-ին այրված «Զիմնյայա վիշնյա» առեւտրի կենտրոնը շահագործման հանձնելու մասին, մեղադրում են ոչ թե շահադիտական նպատակների եւ կաշառակերության համար, այլ այն բանի, որ նա գործել է իր որդու շահերի շրջանակում, շաբաթ լրագրողներին հայտնել է ՔԿ ներկայացուցիչը:
«Առայժմ քննչական գաղտնիք է, թե առեւտրի կենտրոնի շինարարության ժամանակ Կոմկովայի որդին ում հետ է շփվել: Մեղադրականում գրված է, որ Կոմկովան գործել է որդու շահերի շրջանակում: Նրան չեն մեղադրում շահադիտության մեջ, նրան չեն մեղադրում կաշառակերության մեջ: Որդին խնդել է մարդկանց օգնել, նա հանուն որդու շահերի համաձայնվել է»,- ասել է նա Կոմկովայի գործով դատական նիստի ընդմիջմանը:
4-հարկանի առեւտրի կենտրոնում հրդեհը տեղի է ունեցել մարտի 25-ին: Վերջին տեղեկություններով՝ զոհվել է 64 մարդ, որից 41 երեխա:




























