Բնապահպան Արուսյակ Այվազյանը ահազանգում է, որ մարտի 24-ից Գառնի համայնքում առողջության կենտրոնի քամուց պոկված կտուրը դեռ չի վերանորոգվել:

Նա ֆեյսբուքյան հայտարարության միջոցով փոխանցում է, որ վերանորոգման  աշխատանքները տեւելու էին  1-2 ժամ, այնինչ մինչեւ հիմա տանիքի թիթեղները գետնին ընկած են, անձրեւներն էլ ողողում են վերանորգված շենքը դրսից և ներսից:

«30.03.2018թ. ժ.10:00-ի դրությամբ Գառնիի առողջության կենտրոնի կտուրը դեռ փողոցում է:

Մինչդեռ մարզի ղեկավարությունը հենց 24.03.2018թ. պարտավոր էր 1-2 ժամվա ընթացքում կազմակերպել ու իրականացնել վերանորոգման ու ավարտի ողջ գործընթացը:

Շուրջ 6 օր է անցել, իսկ անձրևներն անխնա ողողում են վերանորգված շենքը դրսից և ներսից»,- գրել է Արուսյակ Այվազյանը:

Այս կապակցությամբ NEWS.am-ը զրուցեց  Գառնիի համայանքապետարանի աշխատակազմի քարտուղար Վարդան Մարտիրոսյանի հետ, ով հայտնեց, որ երկաթյա  թիթեղները դեռ դրսում են, քանի որ ոչ աշխատանքային օրեր են հիմա, վերանորոգումը կկազմակերպվի երեքշաբթի օրը:

«Մնացել է միայն երկաթյա թիթեղները տեղադրեն, մոտ մեկ ժամվա գործ է իրականում, բայց քանի որ ոչ աշխատանքային օրեր են, երեքշաբթի օրը աշխատանքները կիրականացվեն: Կենտրոնի տանիքը պոլիէթիլենային ծածկոցով են ծածկել, որպեսզի շենքը  չվնասվի»,-ասաց աշխատակազմի քարտուղարը: