«Սումմա» խմբի համասեփականատերերին ոստիկանությունը կասկածում է յուրացումների, վատնումների եւ հանցավոր միավորման ստեղծման մեջ, հայտնում է Մոսկվայի Տվերի դատարանի մամուլի քարտուղար Անաստասիա Դզյուրկոն, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մահոմեդ եւ Զիյավուդին Մահոմեդովներին կասկածում են հանցավոր միավորման ստեղծման, առանձնապես խոշոր չափերով խարդախության եւ վատնման մեջ, իսկ Մաքսիդովին՝ ծառայողական դիրքի օգտագործմամբ հանցավոր միությանն անդամակցելու եւ խոշոր չափի խարդախության մեջ:
Նրանց կարող է սպառնալ մնչեւ 20 տարվա ազատազրկում:
Այսօր Մոսկվայի Տվերի դատարանը պետք է քննի նրանց կալանավորելու հարցը:
«Սումմա» խմբի սեփականատերերի ձերբակալությունը կապված է Կալինինգրադում մարզադաշտի կառուցման ժամանակ կատարված յուրացումների հետ, որտեղ պետք է անցկացվեին ֆուտբոլի աշխարհի առաջնության հանդիպումներ: Բյուջեից ընդհանուր յուրացվել է 752 մլն ռուբլի:
Գործի ֆիգուրանտներն են Մահոմեդով եղբայրները, ինչպես նաեւ «Սումմա»-ի մեջ մտնող շինարարական ընկերության ղեկավար Արթուր Մաքսիդովը:
Նախօրեին Զիյավուդին Մահոմեդովը ձերբակալվել էր 48 ժամով:
Մարտի 30-ին տեղեկություն է հրապարակվել, որ «Սումմա»-ում իրավապահ մարմինները քննչական գործողություններ են անկացրել «բազմադրվագ գործի» շրջանակում:
«Սումմա» խումբը ակտիվներ ունի նավթագազային հատվածում, նավահանգստային լոգիստիկայի, շինարարության, հեռահաղորդակցության եւ ինժեներիայի ոլորտներում: Նրա տրանսպորտալոգիստիկ ակտիվների մեջ են մտնում Fesco ընկերությունը, կոնտեյներային օպերատոր «Տրանսկոնտեյները», ինչպես նաեւ բեռնաշրջանառությամբ Եվրոպայում երրորդ նավահանգստային օպերատերը (Նովոռոսիյսկի ծովային առեւտրային նավահանգիստը):




























