Սուրճում պարունակվող վնասակար նյութի վերաբերյալ զգուշացումները կարող են հայտնվել Քալիֆորնիայի սրճարաններում: Ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Fox 5 հեռուստաընկերությանը, Քալիֆորնիայի նահանգում կա մի կանոն, ըստ որի, հատուկ ցանկում նշվում են այն նյութերը, որոնք կարող ուռուցքային հիվանդություններ առաջացնել:
Այդ նյութերից մեկը ակրիլամիդն է, որը կարող է առաջանալ սուրճի հատիկների տապակման ժամանակ:
2010-ին «Թունավոր նյութերի կրթության եւ հետազոտման խորհուրդ» ոչ առեւտրային կազմակերպությունը հայց էր ներկայացրել Լոս Անջելեսի դատարան, որի համաձայն սուրճի մատակարարող ընկերությունները պարտավոր են փաթեթավորման վրա սպառողների համար համապատասխան տեղեկատվություն տեղադրել:
Հայցվորների դեմ է արտահայտվել Սուրճի ազգային ասոցիացիայի գլխավոր կառավարիչ եւ նախագահ Ուիլյամ Մյուրեյը:
«Ինչպես նորից ու նորից ապացուցվել է, սուրճը օգտակար ըմպելիք է», - հաղորդում է Fox 5 հեռուստաընկերությունը: «Ներկայիս հայցը, փաստորեն, Քալիֆորնիայի օրենքի նկատմամբ ծաղր է: Հայցը սպառողներին մոլորության մեջ է գցում եւ հասարակության առողջությանն օգուտ չի տալիս»:




























