Սպիտակ տանը կա վիթխարի գաղտնի բունկեր, որը նախատեսված է «աշխարհի վերջի» դեպքում: Այս մասին նշված է Ռոնալդ Քեսլերի «Թրամփի Սպիտակ տունը. Խաղի կանոնները փոխելով» («The Trump White House: The Change Rules of the Game») գրքում, հայտնում է Washington Eximaner-ը: 

Հեղինակը պնդում է, որ բունկերը կառուցվել է նախկին նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի օրոք: Ռոնալդ Քեսլերը, որը Washington Post-ի նախկին լրագրող է եւ գաղտնի ծառայության ու ազգային անվտանգության մասին մի քանի գրքերի հեղինակ, գրում է, որ բունկերը բավականին մեծ է:

2010 թվականին սկսվել էր հյուսիսային սիզամարգերի կառուցման խոշոր նախագիծը, որը պետք է պաշտոնապես բարելավեր Սպիտակ տան էլեկտրահաղորդումը եւ օդափոխությունը, չնայած լրագրողները վաղուց էին կասկածում, որ 376 մլն դոլար արժեքով նախագիծը կապված է բունկերի հետ:

Սպիտակ տան մոտ՝ Արեւելյան թեւի տակ արդեն բունկեր կա, որը կոչվում է նախագահի Արտակարգ գործողությունների կենտրոն, որտեղ փոխնախագահ Դիք Չեյնին եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ թաքնվել էին 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ: Քեսլերը նշում է, որ նոր օբյեկտը շատ ավելի մեծ է: Նրա տեղեկություններով՝ բունկերը գետնի տակ խորանում է առնվազն 5 հարկ եւ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ հարձակման դեպքում կարող է տեղավորել Արեւմտյան թեւի բոլոր աշխատակիցներին: «Թրամփի նախագահ դառնալուց հետո, բարձրաստիճան պաշտոնյաներն այցելել են բունկեր, որի գոյությունը գաղտնիացված է»:

Չնայած «միջուկային ձմռան» պատրաստվածությանը, Քեսլերը գրում է, որ Սպիտակ տան աշխատողներն ավելի հրատապ պայքար են մղում ճանճերի դեմ: Նա նշում է, որ անցյալ տարի տարածված տեղեկությունը այդ ժամանակ աշխատակազմի ղեկավար Ռեյնս Պրիեբուսին տված ճանճերին ոչնչացնելու Թրամփի հրամանի մասին, սուտ էր: «Պատմությունը սկսվել է այն պատճառով, որ ճահճի վրա կառուցված Արեւմտյան թեւը ճանճերով է շրջապատված: Թրամփը ճանճերին ատում է: Աշխատողները ճանճերին սպանելու համար օգտագործում են Bug-a-Salt կոչվող օդային աղի թնդանոթներ: Պրիեբուսը հետապնդել է Օվալաձեւ աշխատասենյակում առանձնապես զայրացնող ճանճի հետեւից, երբ Թրամփը կատակով ասել է. «Սպանիր: Սպանիր դրան»»: