Հայկական առաքման շուկան կայուն աճում է։ Պատվերների առաքման Menu.am միասնական համակարգը, որը Հայաստանում գործում է 2012 թվականի հոկտեմբերից, մեկ նախագծում ներառում է բազմաթիվ ռեստորաններ ու սրճարաններ եւ ապահովում է պատվերների արագ, հարմարավետ եւ շահավետ կատարման լավագույն պայմանները: Հայկական առաքման շուկայի առավելությունների, շահութաբերության, խնդիրների մասին NEWS.am-ը զրուցեց Menu.аm-ի տնօրեն Սեւադա Բաղդյանի հետ:
Առաքման շուկաների շրջանառությունն ամբողջ աշխարհում մեծանում է: Ինչպիսի՞ իրավիճակ է Հայաստանում:
Առաքման ծավալների աճն ամբողջ աշխարհում պայմանավորված է նրանով, որ մարդիկ ցանկանում են հնարավորինս արագ ստանալ այն, ինչ իրենց անհրաժեշտ է, քանի որ ժամանակը թանկ է, եւ մարդիկ օր օրի ավելի զբաղված են դառնում: Նման միտումներ նկատվում են նաեւ Հայաստանում. տեղի շուկան մեծանում է, սակայն, ի տարբերություն շատ այլ երկրների, սոցիալական վիճակը Հայաստանում ավելի բարդ է, մարդիկ պակաս վճարունակ են, եւ մենք ստիպված ենք հավելյալ ջանքեր գործադրել՝ համաշխարհային ցուցանիշներին հասնելու համար, մասնավորապես, ավելի շատ աշխատել ակցիաների եւ գովազդի ուղղությամբ՝ համապատասխան պահանջարկ ձեւավորելու համար: Չնայած դրան՝ աճի տեմպերով մենք չենք զիջում միջազգային շուկային:
Ինչպիսի՞ն է Հայաստանում պատվերների դինամիկան Menu.аm ռեսուրսի մեկնարկից հետո, եւ ի՞նչ կանխատեսումներ ունեք 2018-ի ու մոտակա 5 տարիների համար:
Գրեթե ամեն տարի ֆիքսում ենք պատվերների կրկնակի աճ: Այդ դինամիկան պահպանվում է հիմնադրման պահից, մենք պատրաստվում ենք պահպանել սա եւ ավելացնել հաջորդ տարիներին: Աճելու տեղ տեսնում ենք ե՛ւ Երեւանում, ե՛ւ մարզերում: Եթե համեմատենք Հայաստանում առաքման շուկայի ծավալները Menu.аm-ի գործարկման պահին եւ հիմա, ապա կտեսնենք, որ պատվերների աճը պայմանավորված է մեր կողմից նոր շուկա ստեղծելու, առաքման մշակույթ ձեւավորելու, շուկան մեծացնելու քայլերով։ Ինչ վերաբերում է մոտակա 5 տարիներին. նախատեսում ենք ծավալների ավելացում եւ շուկայի զարգացում՝ հիմնականում առաքման արագության հաշվին. ծրագրում ենք շատ կարճ ժամանակահատվածում տեխնոլոգիաների հաշվին առաքման արագությունը դարձնել միջինը 30 րոպե եւ ավելի քիչ՝ ներկայիս 40 րոպեի փոխարեն:
Menu.аm-ի գլխավոր նպատակն է առաքման արագությունն ու մատչելիությունը հասցնել այն մակարդակի, որ մարդիկ հաշվարկեն եւ տեսնեն, որ իրենց համար թե՛ ֆինանսապես, թե՛ ժամանակի խնայողության տեսանկյունից ձեռնտու է պատվիրել ուտելիքը, այլ ոչ թե տնային պայմաններում պատրաստել: Մեր նպատակն է խոհանոցները դարձնել անիմաստ, որպեսզի դրանք պարզապես չնախատեսվեն բնակարանների նախագծերում:
Կարծում եք՝ դա իրատեսակա՞ն միտք է, այն էլ Հայաստանում:
Առաջին հայացքից անիրական նպատակ է թվում, բայց մեր շատ այլ նախաձեռնություններ ու մտահղացումներ մեր գործընկերների եւ ընկերների համար անիրական էին ու անհնար, սակայն մենք ծրագրում ենք իրական նպատակներ: Վստահ եմ, որ կկարողանանք մեր հաճախորդներին այնպիսի առաջարկ ներկայացնել, որ նրանք անիմաստ համարեն տանը ժամանակ ծախսել, եփել, սննդի մնացուկներ կուտակել, հետո դրանք թափել:
Հայաստանում ուտեստների առաքման շուկայի ո՞ր սեգմենտն է առավել դինամիկ աճում (ռեստորանային ուտեստների, արագ սննդի եւ այլն):
Երբ սկսեցինք նոր գործել, պատվերների 90 տոկոսը կազմում էր ֆասթ-ֆուդը, քանի որ մարդիկ պիցցայից, քաբաբից եւ շաուրմայից բացի՝ սովոր չէին այլ ուտեստներ պատվիրել: Պատվիրում էին հիմնականում գրասենյակների աշխատակիցները՝ ընդմիջման ժամին: Մեր հետեւողական աշխատանքի արդյունքում պատվերների պորտֆելը դիվերսիֆիկացվեց. ավելացավ ռեստորանային ուտեստների առաքումը: Հիմա էլ ֆասթ-ֆուդը մեծ չափաբաժին է կազմում պատվերների ընդհանուր քանակում, բայց դրա հետ մեկտեղ ավելանում է ռեստորանային ուտեստների, նաեւ էկզոտիկ խոհանոցների ուտեստների պատվերը՝ ասիական, հնդկական, պարսկական եւ այլն: Մարդիկ սկսել են տարբեր փորձարկումներ անել, այլ խոհանոցներ փորձել:
Ովքե՞ր են Հայաստանում հիմնականում սնունդ պատվիրում:
Ինչպես արդեն ասացի՝ սկզբում պատվիրում էին հիմնականում գրասենյակային աշխատակիցները, իսկ հիմա ակտիվացել են պատվերները դեպի տուն, հատկապես երեկոյան ժամերի պատվերները, երբ մարդիկ աշխատանքից հետո տուն գնալու ճանապարհին արդեն ընթրիք են պատվիրում, ինչպես նաեւ պատվերներն ընտանեկան հավաքույթների, այլ առիթների համար:
Քանի՞ անձ է օգտվում Menu.аm-ի ծառայությունից, եւ ի՞նչ է անում ընկերությունը՝ նոր հաճախորդների ներգրավելու համար:
Այս պահին Երեւանի բնակչության գրեթե 70%-ն օգտվել է Menu.аm-ի ծառայությունից: Նոր հաճախորդների ներգրավելու համար փորձում ենք հասկանալ՝ ինչն է պատճառը, որ մնացածները չեն օգտվում մեր ծառայությունից: Ոմանց համար պատճառը պատվերների առաքման արագությունն է, մյուսների համար՝ գինը: Այսպիսով, մենք անընդհատ նորություններ ենք առաջարկում. այս տարվանից առաքում ենք 1 դրամից սկսած արժեքով բյուջետային պատվերներ: Այս պահին արդեն համագործակցում ենք նաեւ 20 ռեստորանների հետ, որտեղից առաքումն անվճար է, եւ այդ թիվը պատրաստվում ենք ավելացնել: Բացի այդ՝ առաջարկում ենք 50%-անոց զեղչեր: Նաեւ նոր ուղղություններով ենք աշխատում, օրինակ՝ խնամող մայրերի համար մենք ունենք մանկական կերերի եւ տակդիրների առաքում, առիթների համար՝ ծաղիկների: Մենք ընդլայնում ենք գործունեության ուղղությունները, որի արդյունքում ավելի շատ հաճախորդներից պատվերներ կստանանք կամ նույն հաճախորդն ավելի շատ կպատվիրի 1 տարվա ընթացքում:
Այլ երկրների առաքման շուկաների մասնակիցները նշում են, որ պատվերների առաքման ծառայությունները սեզոնայնություն ունեն: Ինչպիսի՞ն է իրավիճակը մեզ մոտ:
Մեզ մոտ նույնպես սեզոնը մեծ դեր ունի: Պատվերները շատանում են, երբ եղանակը վատանում է: Նույնիսկ ամռանը, երբ անձրեւում է, մեկ օրվա ընթացքում հնարավոր է 5 անգամ ավելի շատ պատվերներ ստանանք, քան դրանից 1 օր առաջ: Դա դժվարություններ է առաջացնում առաքման համար ոչ միայն այն պատճառով, որ նույն ռեսուրսով նման քանակ ենք սպասարկում, այլ նաեւ վատ եղանակներին առաջացող խցանումների պատճառով: Բայց մենք նորարարական տեխնոլոգիաների եւ հավելյալ ռեսուրսների միջոցով փորձում ենք այնպես անել, որ մեր հաճախորդներն այդ դժվարությունները չնկատեն: Մեր հետեւողական աշխատանքի շնորհիվ պատվերների քանակը միշտ է աճում՝ անկախ սեզոնից, բայց, միեւնույն է, ձմռանը պատվերների ինտենսիվությունը բարձրանում է:
Ինչքանո՞վ են շատանում պատվերները տոնական օրերին:
Տոնական լավ առաջարկների շնորհիվ՝ մոտավորապես 5 անգամ, ասենք՝ Զատիկին, Ամանորին: Այս տարի մեր հաճախորդները հնարավորություն ունեցան ամանորյա սեղանն ամբողջությամբ պատվիրել՝ իրենց ուզած քանակով, չափաբաժիններով: Մարտի 8-ին ունենում ենք հատուկ ծաղիկների առաջարկներ:
Ինչո՞վ են տարբերվում Հայաստանի, Վրաստանի եւ Բելառուսի շուկաները, որտեղ դուք աշխատում եք:
Հայաստանի եւ Վրաստանի շուկաները չափերով գրեթե հավասար են: Տարբերությունն այն է, որ Վրաստան ավելի շատ զբոսաշրջիկներ են այցելում: Մինսկի բնակչությունը 2 անգամ ավելին է, բացի այդ՝ այնտեղ ավելի վճարունակ են. Բելառուսում արգելված է չաշխատելը, եւ բոլորը եկամուտ ունեն:
Քանի՞ ընկերություն է համագործակցում Menu.аm-ի հետ եւ ծրագրո՞ւմ եք նոր գործընկերների ներգրավել:
Այս պահին մեզ հետ ավելի քան 500 ռեստորաններ եւ սննդի այլ կետեր են աշխատում ամբողջ Հայաստանում: Ծրագրում ենք մինչեւ տարեվերջ այդ թիվը հասցնել 800-ի: Մենք ունենք վաճառքի թիմ, որը շատ ակտիվ զբաղվում է ռեստորանների ներգրավմամբ: Թիմի աշխատակիցներն ամբողջ քաղաքը սանրում են, որ գտնեն այն լավ սննդի կետերը, որոնք դեռ մեզ հետ չեն համագործակցում: Մենք փորձում ենք մեր ցանց ներգրավել բոլոր այն սննդի կետերը, որտեղ պատրաստվում է լավ ուտելիք, որպեսզի հաճախորդը մեր կայքում միշտ գտնի այն, ինչ փնտրում է, թեկուզ իրենց շենքի մոտ գտնվող փոքր կրպակի կարկանդակները, եթե դրանք համեղ են:
Հե՞շտ է կապ հաստատել ռեստորանների եւ այլ հաստատությունների հետ՝ հաշվի առնելով, որ նրանցից շատերն առաքման ծառայություն ունեն:
Եթե ռեստորանն ունի հաշվիչ եւ կարող է օգտվել իր հաշվիչից, միանշանակ առանց համոզելու աշխատում է մեզ հետ: Հաշվարկները ցույց են տալիս, որ Menu.am-ի հետ աշխատելը շահութաբեր է, քանի որ մենք հավելյալ առեւտուր ենք ապահովում, որը միանշանակ շահույթ է բերում: Լինում են դեպքեր, երբ անհրաժեշտ է բանակցել, բայց այն ռեստորանները, ում կարողացել ենք ցույց տալ Menu.am-ի պլյուսներն ու մինուսները, միանշանակ աշխատում են մեզ հետ: Ունենք նաեւ գործըկերներ, որոնց կայացման կոնցեպտում Menu.am-ը մեծ դեր է կատարել, պատվերների միջոցով դարձել են ավելի հայտնի, որի արդյունքում ավելացել են տեղում այցելող իրենց հաճախորդները: Քանի որ ինֆորմացիան շատ արագ է տարածվում, ընկերությունները միմյանցից իմանալով Menu.am-ի հնարավորությունների մասին՝ շատ հաճախ իրենք են զանգում եւ առաջարկում համագործակցել:
Բացի ֆասթ-ֆուդից եւ ասիական խոհանոցից, ի՞նչ ուտեստներ են ավելի ակտուալ դառնում:
Արդիական է դառնում օրգանական եւ առողջ սնունդը, ինչը պայմանավորված է առողջ կենսակերպ վարելու ձգտումով: Մեծ քանակով դիետիկ սնունդ են պատվիրում, որոնց համար մեր կայքում առանձին բաժին կա:
Դուք ստանո՞ւմ եք «հիբրիդային» պատվերներ (երկու կամ ավելի ռեստորաններից կամ այլ առեւտրի օբյեկտներից):
Բավական հաճախ, քանի որ դա մեր ծառայության առավելություններից մեկն է՝ մեկ պատվերի միջոցով բավարարել ամբողջ ընտանիքի կամ գրասենյակի բոլոր աշխատակիցների անհատական պահանջները: Մեզ մոտ հնարավոր է միանգամից պատվիրել խորոված, սուշի, մանկական սնունդ, կենդանիների կեր եւ այլն: Այս ծառայությունը հատկապես ակտուալ է գրասենյակներից պատվերների դեպքում, երբ բոլորը միասին ճաշում են, բայց նախընտրում են տարբեր ուտեստներ. մի աշխատակից ցանկանում է ֆասթ-ֆուդ, մյուսը՝ աղցան, երրորդը՝ ապուր եւ այլն: Մինչեւ մեր շուկան գալը մարդիկ ստիպված էին լինում տարբեր տեղերից ուտեստներ պատվիրել, որոնք շատ հաճախ տարբեր ժամերի էին առաքվում:
Այս պահին Menu.am-ն ընդունում է հիմնականում սննդամթերքի եւ ծաղիկների առաքման պատվերներ: Ծրագրո՞ւմ եք ընդլայնել առաքանու տեսականին:
Արդեն ավելացրել ենք մի քանի ուղղություն՝ կենդանիների կեր, մանկական սնունդ եւ տակդիրներ, ֆիրմային խանութներ, gift քարտեր, ինչը հատկապես ակտուալ է այլ երկրներից պատվիրատուների համար, որոնք Հայաստանում ապրող իրենց բարեկամներին կամ ընկերներին ցանկանում են անակնկալ մատուցել եւ gift քարտ են ուղարկում, որոնցով կարելի է նվերներ ձեռք բերել տարբեր ֆիրմային խանութներից: Ակտիվացրել է նաեւ աղանդերի խանութների հետ համագործակցությունը: Պատրաստվում ենք նաեւ կազմակերպել դեղամիջոցների առաքում եւ աշխատանք ենք տանում դեղատնային ցանցերից մեկի հետ համագործակցելու ուղղությամբ: Քննարկման փուլում է նաեւ համագործակցությունը սուպերմարկետների լավագույն ցանցերից մեկի հետ, եւ չի բացառվում, որ շուտով կսկսենք առաքել այնտեղ ներկայացված ապրանքների ամբողջ տեսականին:
Ինչպիսի՞ն է պատվերների ընդունման կառուցվածքը՝ ըստ վիճակագրության:
Պատվերիների 20-25%-ը ստանում ենք արտերկրից. սփյուռքահայերն իրենց ընկերներին եւ բարեկամներին ուղարկում են հյուրասիրություններ, տոնական առիթներին՝ ծաղիկներ, gift քարտեր: Այսինքն՝ մենք նաեւ կապող օղակ ենք սփյուռքի եւ տեղացիների միջեւ: Իսկ ընդհանուր պատվերների կառուցվածքում 80%-ը կատարվում են online, որից 45%-ը ՝ App հավելվածի միջոցով և 35%-ը՝ web-կայքից: Մնացած 20%-ը՝ հեռախոսազանգերով: Ամեն ամիս զանգով պատվերները կրճատվում են՝ հօգուտ online տարբերակների:
Menu.аm-ն աշխատում է նաեւ մարզերում: Պատվերների աշխարհագրությունն ընդլայնելո՞ւ եք:
Ներկայում աշխատում ենք Գյումրիում, Վանաձորում, Աբովյանում, Հրազդանում, Ծաղկաձորում, Դիլիջանում, մոտ օրերս ծառայությունը կսկսի գործել նաեւ Էջմիածնում: Այս բոլոր քաղաքներում առաքումները կատարվում են տեղի ռեստորաններից: Մենք Երեւանից առաքում ենք ամբողջ Հայաստանի տարածքով, անգամ դեպի Մեղրի, Կալինինո, Արցախ: Բայց նման պատվերներ հաճախ չեն լինում: Հատկապես պատվերներն ակտիվանում են Հայոց բանակի օրը, երբ գործում է դեպի զորամասեր անվճար առաքման ակցիա, եւ մեծ քանակությամբ պատվերներ կատարվում են դեպի Մարտունի, Արցախ, նույնիսկ սահմանային դիրքեր: Մենք նախատեսում ենք ներկայացված լինել բոլոր մարզկենտրոններում, ինչպես նաեւ այն քաղաքներում, որտեղ տուրիստական հոսքերը մեծ են, օրինակ՝ Ջերմուկում, Սեւանում եւ այլն:



























