Գեղարքունիքի մարզի Աստղաձոր գյուղի բնակիչները պայքարում են ջրի նկատմամբ իրենց իրավունքի վերականգնման համար, հաղորդում է «ԷկոԼուրը»:
2016թ-ին Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի (IFAD) ֆինանսավորմամբ իրականացված «Ենթակառուցվածքների եւ գյուղական ֆինանսավորման աջակցության ծրագրի» շրջանակներում Աստղաձոր գետավազանի ջրերը հատկացվել են Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղին: Մինչ ջրի վերաբաշխումը զոլաքարցիները 5 օր ստանում էին Աստղաձոր գետի ջուրը, 2 օր ստանում էին աստղաձորցիները:
Արդյունքում Աստղաձոր գյուղը մնացել է խորհրդային տարիներին ուրանային երեւակումների ուսումնասիրության համար խփված հորատանցքերից դուրս եկող ջրերի հույսին:
Ջրի վերաբաշխումն իրականացվել է առանց աստղաձորցիներին տեղյակ պահելու եւ նրանց կարծիքը հաշվի առնելու: Վերաբաշխման համար հիմք է հանդիսացել ՀՀ բնապահպանության նախարարության տրամադրած ջրօգտագործման թույլտվությունը, ՀՀ առողջապահության նախարարության կողմից տրված Զոլաքարի խմելու ջրի որակի վերաբերյալ արդյունքները եւ Գեղարքունիքի մարզպետարանի դիմումը:




























