Հյուսիսային Կորեայի միջուկային զենքը, ամենայն հավանականությամբ, կարող է հասնել Բրիտանիայի ափերին 18 ամսվա ընթացքում, եթե Փհենյանը ներկայիս տեմպերով շարունակի միջուկային զենքի զարգացումը: Այս մասին նշվում է Համայնքների պալատի պաշտպանության հարցերով հանձնաժողովի զեկույցում, փոխանցում է PA-ն:

Զեկույցում նշվում է, որ «խելամիտ է ենթադրել, որ Հյուսիսային Կորեայի զենքն արդեն հիմա կարող է հասնել Մեծ Բրիտանիա, եւ միջուկային գլխիկներով մարտավարական հրթիռները «գրեթե անկասկած» կարող են հասնել Բրիտանիայի ափերին 2019 թվականին»: Ընդ որում, նշվում է, որ Մեծ Բրիտանիայում հակահրթիռային պաշտպանության համակարգը «սահմանափակ է», բայց նաեւ հաղորդվում է, որ որեւե նշան առ այն, որ Կիմ Չեն Ընը ցանկանում է Բրիտանիան իր թիրախը դարձնել, չկա:

«Մենք կարծում ենք, որ Հյուսիսային Կորեան հասկանում է, որ նման զենքի գործարկումը անխուսափելիորեն կործանարար ռազմական հետեւանքների կհանգեցնի Միացյալ Նահանգների, Հարավային Կորեայի եւ այլ երկրների կողմից»,- նշվում է զեկույցում: