Այս շաբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ տեղի ունեցած քննարկումներից հետո «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի ԱՄՆ քաղաքականությունը չի փոխվել, եւ զորքերի դուրսբերման ժամկետները որոշված չեն: Այս մասին հայտնել են Պենտագոնից:
Այս շաբաթ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում Թրամփը համաձայնվել է ամերիկյան զորքերը Սիրիայում թողնել եւս որոշ ժամանակ, որպեսզի հաղթեն «Իսլամական պետությանը», սակայն նա ցանկանում է զորքերը դուրս բերել համեմատաբար շուտ, հայտարարել է վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Թրամփն անցյալ շաբաթ իր ելույթներից մեկում հասկացրել է, որ ցանկանում է Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերել: Նա ազգային անվտանգության հարցերով իր օգնականների հետ զրույցում պնդել է զորքերն արագ դուրս բերել:
«Մենք միշտ համարել ենք, որ երբ հասնենք Սիրիայում ԻՊ դեմ պայքարի ավարտման պահին, այնտեղ մեր ներկայությունը կճշտենք, այնպես որ՝ այս իմաստով իրականում ոչինչ չի փոխվել»,- նշել է շտաբների մացյալ կոմիտեի տնօրեն, ծովային հետեւակի գեներալ-լեյտենանտ Քենեթ Մակկենզին:
Մակկենզիի խոսքով՝ Թրամփը զինված ուժերին ոչ մի կոնկրետ ժամկետ չի առաջադրել:




























