Ռուսաստանը շահագրգռված է Ադրբեջանի հետ մերձեցմամբ, ինչը կարող էր հանգեցնել դրա հետագա կախվածությանը Մոսկվայից: Այս մասին ապրիլի 6-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը: Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանը կարողացել է բավականին գրագետ քաղաքականություն վարել եւ այնպես կառուցել Ռուսաստանի հետ իր հարաբերությունները, որ Մոսկվան այժմ ստիպված է հաշվի առնել եւ հաշվի նստել Բաքվի շահերի հետ: Դրան հնարավոր է եղել հասնել Ադրբեջանի կողմից Մոսկվայի հետ հարաբերություններում որոշակի հեռավորության պահպանման շնորհիվ: «Իսկ մենք այլ կերպ վարվեցինք, մենք նրանց թույլ տվեցինք մոտենալ մեզ եւ այժմ չենք կարող քայլ անգամ անել առաց նրանց իմացության»,- նշեց Մարտիրոսյանը:
Միեւնույն ժամանակ, քաղաքագետը նշեց, որ Թուրքիան փաստացիորեն ղարաբաղյան հակամարտության կողմերից մեկն է, ինչ էլ որ հայկական կողմը մտածի այդ մասին: Այնպես որ, Ղարաբաղում հերթական ռազմական բախման դեպքում, ըստ փորձագետի, Անկարան ակտիվ ռազմական եւ դիվանագիտական մասնակցություն կունենա, ընդ որում՝ ոչ թե անուղղակի, այլ ուղղակի կերպով: Փորձագետը վստահություն հայտնեց, որ Թուրքիան այնտեղ կուղարկի իր զինված ուժերը, մասնագետներին եւ ռազմական կազմավորումները, որոնք կպատերազմեն ադրբեջանական ստորաբաժանումների անվան տակ: Անկարան Բաքվին կօգնի նաեւ տեխնիկայով, եւ քաղաքագետը չբացառեց, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին Ռուսաստանի կողմից վաճառված Ս-400 «Տրիումֆ» տեսակի զենիթահրթիռային համակարգեր տրամադրել:
Բացի այդ, ըստ Հայկ Մարտիրոսյանի, Անկարայի կողմից դիվանագիտական ճնշումը Մոսկվայի վրա կավելանա, քանի որ քիչ հավանական է, որ նրանք չեն օգտվի Ռուսաստանի հետ մերձեցումից՝ ի օգուտ իրենց եւ Բաքվի շահերի: Հայաստանը, իր հերթին, պետք է հասկացնի Կրեմլին, որ Ղարաբաղը չի կարող մանրուն դրամ դառնալ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ: «Հայաստանը կարող է պահպանել իր ջերմ հարաբերությունները Մոսկվայի հետ, սակայն պարտավոր է ազդանշաններ տալ առ այն, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող Թուրքիայի հետ խոսակցության առարկա լինել», - ասաց քաղաքագետը՝ հավելելով, որ Հայաստանը պետք է իրեն ավելի ակտիվ դրսեւորի արտաքին քաղաքական ասպարեզում:




























