Սաուդյան ներդրումային միությունը մտադիր է Քաթարի հետ սահմանին ջրանցքը կառուցել՝  այն դարձնելով կղզի, հաղորդում է Սաուդյան Sabq թերթը։

Պարբերականի հաղորդմամբ՝ ջրանցքի առավելություններից մեկը  այն է, որ Սաուդյան  Արաբիայի ափերը կդառնան շարունակական եւ կվերահսկվեն թագավորության կողմից իր ամբողջ երկայնքով։ Սա, իր հերթին, կնպաստի նոր կառույցների շինարարությանը։ Մասնավորապես, 60 կիլոմետր երկարությամբ ջրանցքի երկու ծայրերին կկառուցվեն նավահանգիստներ, հանգստավայրեր, լողափեր, կառամատույցներ, նավթային արդյունաբերության օբյեկտներ եւ այլն։ Նաեւ կբարելավվի թագավորության տրանսպորտային կապը՝ ուղիղ կապ կհաստատվի Սալվա քաղաքի  եւ Խուր ալ Ադիդ շրջանի միջեւ Սաուդյան  Արաբիայի եւ Քաթարի սահմանի երկու ծայրերում։

Ջրանցքի լայնությունը կկազմի 200 մ, իսկ առավելագույն խորությունը 12 մ։ Դրանով կարող են անցնել ինչպես ուղեւորատար, այնպես էլ բեռնատար նավեր։