Ինդոնեզիայի ոստիկանությունը կալանավորել է ավելի քան 90 մարդու մահվան պատճառ դարձած սուրոգատ ալկոհոլի պատրաստման եւ վաճառքի մեջ կասկածվող 9 մարդու, հաղորդում է The Jakarta Post թերթը։

«Նրանք կալանավորվել են տարբեր քաղաքներում, կասկածյալներից մեկին հաջողվել է թաքնվել»,–նշել է իրավապահ մարմինների տեղի վարչության ներկայացուցիչ Տրունոյուդո Անդիկոն։

Նրա խոսքով՝ ներկայումս ոստիկանությունը որոշում է կալանավորվածների պատասխանատվության աստիճանը։ Համաձայն տեղի օրենսդրության՝ նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում։

Նշենք, որ ամենամեծ թվով թունավորումները գրանցվել են Ջակարտայում, Արեւմտյան Յավա եւ Պապուա նահանգներում; Տասնյակ մարդիկ գտնվում են ծանր վիճակում։