Թունիսի նախագահին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Սաուդյան Արաբիայի Ջիդդա քաղաքում: Ավելի վաղ, քաթարական «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը հայտնել էր, որ Զին էլ Աբեդին Բեն Ալին ուղեւորվել է կամ Փարիզ, կամ Պարսից ծոցի որեւէ երկիր: Հաղորդվել էր նաեւ, որ ֆրանսիական իշխանությունները չեն ցանկանում ընդունել փախստական նախագահին, գրում է Lenta.ru-ն:
Թունիսի նախագահը, որ իշխանության ղեկին է 1987 թվականից, երկրից փախել է 2011 թվականի հունվարի 14-ին: Վարչապետ Մուհամեդ Գանուչին հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ` խոստանալով հետեւել Սահմանադրությանը եւ վերականգնել կայունությունը:
Թունիսի պետական հեռուստատեսությունը խոստանում է շուտով հանդես գալ «կարեւոր հայտարարությամբ»: Միաժամանակ տեղեկություններ կան նախագահի երկրորդ կնոջ ազգականների` միջազգային օդանավակայանում ձերբակալելու մասին:
Վերջին տեղեկություններով, իշխանությունները չեն տիրապետում ոչ մայրաքաղաքում, ոչ էլ մյուս քաղաքներում ստեղծված իրավիճակին: Չնայած հայտարարված արտակարգ իրավիճակին եւ պարեկային ժամին` երիտասարդների խմբերը դուրս են եկել փողոց եւ ավերում են ճանապարհին պատահող ամեն բան: Այրվում են բանկեր, մի քանի կառավարական շինություններ: Ոստիկանությունը չի խառնվում միջադեպերին` վախենալով հաշվեհարդարից:
Երկրում զանգվածային անկարգությունները սկսվել էին 2010 թվականի դեկտեմբերի 17-ին. կանաչի վաճառողն ինքնասպան էր եղել այն բանից հետո, երբ նրան արգելվել էր առանց արտոնագրի փողոցում կանաչի վաճառել: Սրան հաջորդել էին մի քանի ինքնասպանություններ եւս:





























