Տարբեր պատգամավորներին ու գեներալներին պատկանող հիդրոէլեկտրակայանները ջրամբարներին լցվելու հնարավորություն չեն տալիս։ Այս մասին ապրիլի 28-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը ասել է «Հայաստանի Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ ղեկավար Հրաչյա Բերբերյանը։
Նրա խոսքով՝ վերջին օրերին ոռոգման հետ կապված խնդիրները մի քիչ կարգավորվել են, եւ եթե անձրեւները շարունակվեն, ոռոգման ջրի հետ կապված խնդիրները որոշ մակարդակով կկարգավորվեն։
«Սակայն, հարցն ամբողջությամբ չի լուծվի, քանի ոչ ջրամբարներն օգտագործվում են հիդրոէլեկտրակայանների կողմից, որոնք պատկանում են տարբեր պատգամավորների ու գեներալների։ Եթե չդադարեցնենք դա, ոռոգման ջրի պակասուրդի հարցն այդպես էլ չի լուծվի»,-նշել է Հրաչյա Բերբերյանը
Նա նշել է, որ կառավարությունը ՀԷԿ-երը փակելու փոխարեն որոշում է նոր ջրամբարներ կառուցել՝ դրանց համար հսկայական վարկեր վերցնելով։
Պետք է նաեւ պարզել, թե ուր են այդ փողերը գնում։ «Եթե փակենք ՀԷԿ-երը, գյուղացիները ջրի հետ կապված խնդիր չեն ունենա, քանի որ ջրամբարները բավարար են ոռոգման ապահովման առումով»,-շեշտել է Բերբերյանը։




























