ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Գագիկ Գրիգորյանը Սլովենիայի Հանրապետության Լյուբլյանա քաղաքում մասնակցել է «Տրանս-Եվրոպական տրանսպորտային ցանցերի օրեր» (TEN-T Days) միջոցառմանը:
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ այն անցկացվում է Եվրոպական Միության Խորհրդում Բուլղարիայի նախագահության շրջանակներում եւ համարվում է ԵՄ տրանսպորտային կապակցվածության կարեւորագույն իրադարձություններից մեկը:
Միջոցառման շրջանակներում տեղի է ունեցել Արեւելյան Գործընկերության երկրների նախարարական նիստ, որի ընթացքում քննարկվել են ԵՄ եւ Արեւելյան Գործընկերության երկրների տրանսպորտային համակարգերի ինտեգրման համար ապագա ֆինանսավորման հնարավորությունները՝ հատուկ ուշադրություն դարձնելով անվտանգ, կայուն եւ խելացի շարժողունակությանը:
Նիստում քննարկվել են Արեւելյան գործընկերության երկրների առաջնային ենթակառուցվածքային ծրագրերը, տրանսպորտային հասանելիությունը եվրոպական ցանցին, տրանսպորտային ցանցի զարգացմանն ուղղված ներդրումային հնարավորությունները:
Անդրադարձ է եղել նաեւ ճանապարհային անվտանգության հետ կապված հարցերին, մասնավորապես, ճանապարհային պատահարների քանակը կրճատելու նպատակով պետությունների կողմից վարվող քաղաքականություններին ու մշակվող օրենսդրություններին:
Նախարարական հանդիպման ընթացքում Գագիկ Գրիգորյանը ներկայացրել է ՀՀ տրանսպորտային ենթակառուցվածքային ծրագրերը, ինչպես նաեւ ֆինանսական աջակցության կարիք ունեցող նոր նախագծեր, որոնք կարող են գրավել ԵՄ ֆինանսական կառույցների ուշադրությունը: Մասնավորապես, անդրադարձել է «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» եւ Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրերի կատարողականին, ինչպես նաեւ այս ոլորտում 2020-2030թթ. առաջնահերթություն ներկայացնող ծրագրերին՝ Մ2՝ Երեւան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման եւ Մ3՝ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստանի սահման ծրագրերին, ինչպես նաեւ Մ6՝ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի հիմնանորոգման ծրագրերին:
Նախարարի առաջին տեղակալը հանդիպումներ է ունեցել նաեւ տրանսպորտի ոլորտը ներկայացնող մի շարք նախարարների, Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան պաշտոնյաների, միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ենթակառուցվածքային ծրագրերում համագործակցության հնարավորություններն ու ֆինանսական կառույցների աջակցության մեխանիզմները:



























