Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ քննարկել է վիզային ռեժիմի հետագա դյուրացման հարցեր, այդ թվում՝ բեռնափոխադրում իրականացնող վարորդների համար առանց վիզայի սահմանի հատման հարցը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր մենք քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են վիզային ռեժիմի հետագա դյուրացմանը: Ռուսական կողմն առաջարկել է արդեն այս փուլում որոշակի կոնկրետ քայլեր անել: Նախ՝ վերականգնել առանց վիզայի ռեժիմը ծառայողական անձնագրեր ունեցողների համար, երկրորդ՝ առանց վիզայի սահմանի հատում միջազգային բեռնափոխադրում իրականացնող վարորդների համար»,- ասել է նա:
Մոսկվան եւ Անկարան նաեւ պայմանավորվել են կանոնավորապես փոխգործակցել օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին հետեւելու հարցով:
«Մեր պատկան մարմինները պետք է առավելագույնս հստակ, իրական ժամանակի ռեժիմով փոխգործակցություն հաստատեն օտարերկրյա ահաբեկիչ զինյալներին հետեւելու հարցով»,- ասել է Լավրովը:




























