Ռուսաստանն այսուհետեւ եւս պատրաստ է նպաստելու Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ գործնական փոխգործակցության հաստատմանը: Այս մասին հայտարարվել է Ռուսաստանի եւ Հարավային Կորեայի նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Մուն Ջեինի հեռախոսազրույցի ժամանակ:

Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնում են, որ Մուն Ջեինը մանրամասն տեղեկացրել է Փհանմունջոմում Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ իր հանդիպման արդյունքների մասին:

Կարծիքների փոխանակման ընթացքում երկու կողմերը դրական են գնահատել այդ հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները: Փհամունջոմյան հռչակագրում հատուկ առանձնացվել է ամբողջական ապամիջուկայնացման ճանապարհով Կորեական թերակղզու  ոչ միջուկային կարգավիճակի ապահովման մտադրության արձանագրումը: Վստահություն է հայտնվել, որ միջկորեական համգործակցության զարգացման համաձայնեցված միջոցառումները կնպաստեն նաեւ դեպի խաղաղություն եւ կայունություն տարածաշրջանի առաջընթացին:

Հաստատվել է Ռուսաստանի պատրաստակամությունը այսուհետեւ եւս նպաստել Հարավային եւ Հյուսիսային Կորեաների միջեւ գործնական փոխգործակցության հաստատմանը՝ մասնավորապես խոշոր եռակողմ ենթակառուցվածքների եւ էներգետիկ նախագծերի  իրականացման հաշվին: