Կենտրոնական Ամերիկայի երկրների 200 բնակիչներ հավաքվել են Մեքսիկայի եւ ԱՄՆ-ի սահմանին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմից պահանջելով իրենց ապաստան տրամադրել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:

Միգրանտները կանգնել են Սան Իսիդրո սահմանակետում: Ըստ որում՝ ամերիկացի սահմանապահները հայտարարել են, որ նման թվով մարդկանց անկարող են ընդունել:

Ապրիլի սկզբին Թրամփը հայտարարել էր Մեքսիկայի սահմանին Ազգային գվարդիայի 2-ից մինչեւ 4 հազար զինվոր տեղակայելու մտադրության մասին, մինչ այնտեղ պատը կառուցեն: Նա խոստացել էր նաեւ մեծացնել Մեխիկոյի վրա ճնշումը Կենտրոնական Ամերիկայից ԱՄՆ ուղղվող միգրանտների պատճառով:

«Մեքսիկայով Հոնդուրասից մեր սահմաններին մոտեցող մարդկանց մեծ քարավանն անհրաժեշտ է կանգնեցնել մինչեւ այն կհասնի»,- Twitter-ի իր էջում նշել էր Թրամփը:

Մեքսիկայի ԱԳ նախարար Լուիս Վիդեգարայ Կասոն ԱՄՆ-ից պահանջել է պարզաբանել ամերիկա-մեքսիկական սահմանին զինվորականների տեղակայելու մասին Թրամփի ասածը: «Մեքսիկայի դիրքորոշումը կախված կլինի ԱՄՆ պարզաբանումներից, սակայն դա կլինի ինքնիշխանության եւ ազգային շահերի պաշտպանության դիրքորոշում»,- նշել է նախարարը:

«Միգրացիոն քաղաքականությունը մեքսիկական ինքնիշխանության մասն է, եւ մենք այն անցկացնում ենք օրենքի համաձայն, այլ ոչ կողմնակի ճնշման կամ սպառնալիքների պատճառով»,- հավելել է Կասոն:

Դրանից հետո Թրամփը հուշագիր է ստորագրել «բռնեցիր-բաց թողեցիր» քաղաքականության դադարեցման մասին, երբ իրավապահների կողմից բռնված ապօրինի միգրանտն ազատության մեջ էր մնում մինչեւ իր կարգավիճակի մասին դատարանի որոշումը: