Ազգային ժողովում այսօր՝ մայիսի 3-ին, «Տեղական հանրավքեի մասին» օրինագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն առաջարկեց հանրաքվեի արդյունքները անվավեր ճանաչելուն վերաբերող հոդվածում «կարող է ազդել արդյունքների վրա» եզրույթում փակագծերում ավելացնել նաեւ «ունակ է» եզրույթը:

Նա նշեց, որ փաստորեն հանրաքվեի արդյունքներն անվավեր ճանաչելու համար հիմք է այնպիսի խախտումը, որ ազդել է հանրաքվեի արդյունքի վրա, եւ կամ այնպիսի խախտումը, որ կարող էր ազդել ընտրության արդյունքի վրա. «Ավելի քան  25 տարվա պետություն ենք՝ որեւէ քվեարկության արդյունք այս հիմքով անվավեր չի ճանաչվել: Պարոն Մախմուդյան, ի՞նչ խնդիր ունենք «ունակ է» եզրույթը ներառելու, 25 տարի սա չի աշխատում, եկեք մի 25 տարի էլ իմ ասածով փորձենք: Խանգարող բան չունենք, չէ՞, իրավական առումով, սկզբունքային առումով ինչո՞ւ եք սրան հակառակվում»,- հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանին դիմեց Արտակ Զեյնալյանը:

Ի պատասխան՝ Ռուստամ Մախմուդյանն ասաց. «Պարոն Զեյնալյան, ձեզ խորհուրդ կտամ ձեր նյարդերը պինդ պահեք, իմաստ չկա, առավել եւս, որ մենք չունենք հակադրություն ու իրավական վեճ այս առումով»: