Զանգվածային ցույցերը՝ երկրի նախագահի պաշտոնում Էմանուել Մակրոնի ընտրվելու մեկամյակի առիթով, մեկնարկել են շաբաթ օրը Փարիզի Գրանդ օպերայի հրապարակից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Մակրոնը 2017 թվականի մայիսի 7-ին նախագահական ընտրությունների երկրորդ փուլում հաղթեց ձայների 66,1 տոկոսով, նրա հակառակորդ «Ազգային ճակատ» կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը հավաքել էր 33,9 տոկոս։

Երթի մասնակիցների ծրագրում ներառված է պիկնիկ եւ համերգ քաղաքի կենտրոնում, որից հետո  նրանք ոտքով կուղղվեն դեպի Բաստիլի հրապարակ։

Ցույցի մասնակիցներից շատերը պաստառներ են բերել իրենց հետ, ովքեր էլ չունեն, կարող են մետրոյի ելքի մոտ անվճար ստանալ։ Պաստառները ունեն «Մարդկային առաջընթաց», «Հանուն վեցերորդ հանրապետության», «Ստոպ, Մակրոն» գրառումներ։

Դեռեւս ցույցերը անցնում են հանգիստ մթնոլորտում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանության եւ ժանդարմերիայի երկու հազար աշխատակիցներ Փարիզում կհսկեն կարգի պահպանմանը Մակրոնի դեմ բողոքի ակցիայի ժամանակ։ BFMTV-ի հաղորդմամբ՝ այս անգամ իրավապահները 500-ով ավելին են, քան մայիսի 1-ի ցույցի ժամանակ, որոնք ուղեկցվել են անկարգություններով։