Սիրիական ճգնաժամը հաղթահարելուց հետո հայերը լիովին կլծվեն իրենց զույգ հայրենիքների շենացման գործին: Այս մասին, այսօր՝ մայիսի 5-ին, Հայաստանում հաստատված սիրիահայ համայնքի մի խումբ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
ՀՀ նախագահի մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նրանց հետ ՀՀ նախագահը քննարկել է համայնքին հուզող խնդիրները եւ դրանց լուծման ուղիները:
Հանդիպմանը մասնակցել է նաեւ Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության դեսպան Մուհամմադ Ահմադ Հաջի Իբրահիմը:
Բաց եւ անմիջական զրույցի ժամանակ արծարծվել են Հայաստանում սիրիահայերի ինտեգրման, կրթության, առողջապահության, ինչպես նաեւ տնտեսության եւ բիզնեսի ոլորտների հարցեր, որտեղ շատ հաճախ սիրիահայերն իրենց հմտությամբ եւ աշխատասիրությամբ փոխում են մթնոլորտը:
Սիրիահայերը բարձր են գնահատել ճգնաժամի օրերին Հայաստանի կառավարության անփոխարինելի օգնությունը: Հանդիպման ժամանակ բարձրացվել են նաեւ հայ-սիրիական առեւտրատնտեսական համագործակցության խթանման, Հայաստանում սիրիական ներդրումների համար առավել նպաստավոր պայմաններ ապահովելու եւ գործարարների տեղաշարժի դյուրացման հետ կապված որոշ հարցեր:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հարցերի շուրջ հետագայում եւս շարունակել քննարկումները տարբեր ձեւաչափերով:
Հանրապետության նախագահը հույս է հայտնել, որ սիրիական ճգնաժամը հաղթահարելուց հետո հայերը լիովին կլծվեն իրենց զույգ հայրենիքների շենացման գործին:




























