Այն արվեստը, որն այսօր էլ շարունակում եք ստեղծել որպես հոգու եւ սրտի համադրություն, ունկնդրի համար դռներ է բացում դեպի մի աշխարհ, որտեղ հայտնվող հանդիսատեսն այլեւս չի ցանկանում հեռանալ ազնավուրյան գերող մթնոլորտից ու միջավայրից: Այս մասին ասված է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի՝ ծննդյան տարեդարձի առիթով աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին հղած շնորհավորական ուղերձում:
Դրանում, մասնավորապես, ասված է.
«Սիրելի Վարպետ,
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Ինձ են միանում տիկինս եւ երեխաներս:
Գիտեք, որ մեծացել ենք Ձեր պոեզիայի ու երաժշտության ներքո, ապրել, սիրել ու տառապել ենք Շառլի նման: Պատանեկան հասակից Դուք ձեւավորել եք մեր միտքն ու հոգին: Ձեր միջոցով մենք սիրել ենք Ֆրանսիան եւ ամեն ինչ, որ ֆրանսիական է:
Այն արվեստը, որը այսօր էլ Դուք շարունակում եք ստեղծել որպես հոգու եւ սրտի համադրություն, ունկնդրի համար դռներ է բացում դեպի մի աշխարհ, որտեղ հայտնվող հանդիսատեսն այլեւս չի ցանկանում հեռանալ ազնավուրյան գերող մթնոլորտից ու միջավայրից: Անձամբ եմ այդպիսի զգացողություն ունեցել Ձեր համերգների և Ձեզ հետ ունեցած հանդիպումների ընթացքում:
Ձեր ստեղծագործական երկարակեցությամբ Դուք կենսասիրության եւ լավատեսության ուղենիշ եք միլիոնավոր մարդկանց համար: Դուք նրանց ներշնչում եք հույս եւ հավատ սեփական ուժերի ու ապագայի նկատմամբ: Դա աներեւակայելի մեծ առաքելություն է, եւ ես հպարտ եմ, որ հայ ժողովուրդն այդպիսի զավակ է պարգեւել մարդկությանը:
Կրկին շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ՝ մաղթում եմ Ձեզ, սիրելի Վարպետ, շուտափույթ կազդուրում եւ վերադարձ բեմ: Թող ստեղծագործական եռանդն ու ոգեւորությունն այսուհետ եւս լինեն Ձեր մշտական ուղեկիցները»:





























