Արդեն 4 տարի Վրաստանի շուկայում գործում է menu.ge-ն, որը Menu Group-ի Հայաստանից դուրս առաջին նախագիծն էր: 4 տարիների ընթացքում Menu.ge-ն Վրաստանի սնունդի առաքման ոլորտում զբաղեցրեց առաջատարի դիրքը: Սա այն դեպքում, երբ վրացական շուկայում գործում էին բավականին լուրջ մրցակիցներ: Ինչպես Menu.ge-ին հաջողվեց դառնալ առաջատար, ինչ առանձնահատկություններ կան վրացական շուկայում, ինչ նոր ծրագրեր ունի Menu.ge-ն այս հարցերի շուրջ NEWS.am-ը խոսել է Menu.ge-ի տնօրեն Ստեփան Ասլանյանի հետ:
Menu.ge Վրաստանում բացվեց 2014-ի հոկտեմբերին: Ո՞րն էր այդ ժամանակ menu.ge-ի բացման առաջնային նպատակը, և որո՞նք էին այն ժամկետները, որի ընթացքում պետք էր հասնել նախանշված դիրքերին:
Մենք հետևում ենք առաքման միջազգային շուկային, հատկապես հարևան երկրներում գործող միտումներին։ Երբ մուտք գործեցինք վրացական շուկա, առաքման մշակույթն այնքան էլ զարգացած չէր, չնայած այն փաստին, որ այստեղ գործունեություն էր ծավալում առաքման խոշոր միջազգային ծառայություններից մեկը։ Ռեստորանները տրամադրում էին առաքման ծառայություններ, բայց շատ բարձր գներով, մեր մուտքը վրացական շուկա, առաքման ծառայության գինը վերջապես դարձրեց մրցունակ։ Մենք վստահ էինք, որ այստեղ հսկայական ներուժ է պահվում։ Մեզ պետք էր նպաստել առաքման մշակույթի զարգացմանը ինչպես հաճախորդների համար այնպես էլ ռեստորանների։ Մեր Հայաստանյան ծառայությունը, թերևս այդ խնդիրը չի ունեցել, որովհետև հայրենիքում առաքումը համեմատաբար ավելի լայնածավալ բնույթ էր կրում, երբ մենք հայ սպառողներին ներկայացրեցինք menu.am ծառայությունը։
4 տարիների ընթացքում Վրաստանի շուկան լքեց ձեր հիմնական մրցակիցը: «Հաղթող» բիզնեսի համար դա ինչ խոսք դրական է, բայց նաև լուրջ մարտահրավեր է առաջանում, քանի որ շուկայում առաջանում է վակուում: Կարողացա՞վ menu.ge-ն հաղթահարի այդ վակուումը:
Առողջ մրցակիցների առկայությունը զարգացող բիզնեսի լավագույն գրավականն է։ Սակայն, մեր մրցակիցները չկարողացան հաղթահարել վրացական շուկայում կուտակած մեր փորձի և պրոֆեսիոնալիզմի մարտահրավերը։ Այսպիսով՝ Menu Group-ը գնեց «Foodpanda Georgia»-ն 2017 թ. օգոստոսի 1ին: Վերջին տարիների ընթացքում բազմաթիվ ընկերություններ են մտել և լքել վրացական շուկան, այս պահին նույնպես ունենք նոր միջազգային և տեղական մրցակիցներ։ Ըստ իս, հաճախորդամետ բիզնեսի համար չկա շուկայական վակուում, որովհետև մեր «մրցակիցը» դառնում է հենց մեր հաճախորդը։ Առաջատար լինելու պատասխանատվությունը դրա մեջ է՝ ծառայել հաճախորդներին, որոնք հենց դարձրել են մեզ շուկայի առաջատար։
Որքա՞ն պատվեր է այսօր ունենում menu.ge-ն: Որքան է զանգով և առցանց պատվերների տարբերությունը:
Մեր միջոցով օրեկան սնվում են 5000-ից ավելի մարդ, պատվերների մոտ 90% իրականացվում են օնլայն՝ կայքով կամ հավելվածով հավասար, իսկ մնացած պատվերները կատարվում են հեռախոսով։ Ընդհանրապես, մեր փորձը ցույց է տալիս, որ հեռախոսազանգերի կենտրոնը հիանալի գործիք է հաճախորդների սպասարկման համար, իսկ մեր աշխատանքը շատ ավելի արագ և արդյունավետ դարձնում է օնլայն համակարգը։ Հատկապես՝ կայքի գեոլոկացիոն ֆունկիցան ներդնելուց հետո, մենք վստահ ենք որ օնլայն համակարգից օգտվողների թիվը էլ ավելի կշատանա։
Վրաստանը նախորդ տարի ունեցել է շուրջ 8 մլն զբոսաշրջիկ: Օրինակ menu.am-ում նշանակալի է զբոսաշրջիկների պատվերների թիվը: Վրաստանում ինչպե՞ս է վիճակը: Շա՞տ են արդյոք Վրաստանում հյուրընկալվողների պատվերները:
Այո՛ շատ են։ Օրինակ վերջերս՝ Մայիսյան Տոների-ի ընթացքում, մեր համակարգում նկատվել է օտարազգի պատվիրատուների կտրուկ աճ։ Սա վկայում է այն մասին, որ մենք վայելում ենք տեղացիների վստահությունը որոնք իրենց հերթին դարձնում են մեր ծառայության պատկերն էլ ավելի հասանելի և վստահելի օտարերկրացիների համար։
Հայաստանում ուտեստներից պատվերների լավագույն եռյակում խորոված, քաբաբ, շաուրման է, իսկ Վրաստանում ինչ են հիմնականում պատվիրում:
Խինկալի, Շաուրմա և իհարկե Ֆաստ Ֆուդ։ Սրանք ամենաարագ պատրաստվող և ամենամատչելի ուտեստներն են, բնականաբար պահանջարկն էլ շատ է։
Համեմատաբար ավելի մեծ պահանջարկ կա նաև թայլանդական, հնդկական և պարսկական ռեստորանների։
Ի՞նչ ծրագրեր ունի menu.ge-ն Վրաստանի մարզերում գործունեություն ծավալելու առումով:
Menu.ge-ն գործունեություն է ծավալում Վրաստանի 7 քաղաքներում։ Այս պահին մեզ հետ համագործակցող Ռեստորանների թիվը Վրաստանում ավելի քան 350 է, մեծ մասը՝ մայրաքաղաքում։ Մենք առաջիկայում ունենք բազմաթիվ նախագծեր մարզային ռեստորանների ներգրավման և պատվերների թիվը մեծացնելու համար։
Ստեփան, Դուք Հայաստանում զբաղեցրել եք բավականին մեծ ընկերության տնօրենի պաշտոն, որից հետո կարճ ժամանակ անց, ստանձնեցիք բավականին դժվար թվացող պրոյեկտի ղեկավարի պաշտոնը: Օտար երկիր, օտար մենթալիտետով մարդիկ, ում պետք է ղեկավարել: Ի՞նչպես հաղթահարեցիք այդ փոփոխությունը:
Վրաստանի բարքերը՝ մեզ հայերիս համար, այնքան էլ խորթ չեն։ Հակառակը՝ Վրաստանը, որպես սպառողական շուկա շատ նման է Հայաստանին, իհարկե որոշ հատուկենտ տարբերակումներով։ Իսկ ամենաբարդ թվացող պրոյեկտն անգամ իրականացվում է հեշտությամբ, պրոֆեսիոնալ և մոտիվացված թիմով։





























