Ես բոլորի մասին խաղաղասիրաբար եմ խոսում: Հայաստանը խաղաղ երկիր է, մենք խաղաղասեր ազգ ենք: Այս մասին DW-ի «Նեմցովա: Ինտերվյու»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես հույս ունեմ, որ դուք ոչ մի ագրեսիվություն չեք նկատել, օրինակ, Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի եւ այլ երկրների նկատմամբ: Իհարկե, անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք մեզ պաշտպանել: Սակայն մենք Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենք, եւ ես համոզված եմ, որ դրանք էլ ավելի կխորանան: Մենք լավ հարաբերություններ ունենք ԵՄ-ի հետ, որոնք մտադիր ենք զարգացնել հետագայում եւս: Մենք մտադիր ենք նաեւ մեր հարաբերությունները զարգացնել ԱՄՆ-ի, Իրանի, Վրաստանի եւ այն բոլոր երկրների հետ, որոնք դրանում շահագրգռված են»,- նշել է Փաշինյանը:
Ի պատասխան այն հարցին, թե ինչ տպավորություն է ստացել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից մայիսի 14-ին Սոչիում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովում, Փաշինյանը նշել է, որ գագաթնաժողովում անչափ հաճելի մթնոլորտ էր. «Ես կարծում եմ, որ այս փուլում մեր միջեւ ձեւավորվեցին շատ լավ անձնական հարաբերություններ, որոնք ժամանակի ընթացքում միայն ավելի կլավանան: Մենք խոսել ենք միայն հայ-ռուսական հարաբերությունների եւ ԵՏՄ շրջանակում ու ՀԱՊԿ կազմակերպության պայմանագրերի շրջանակում բազմակողմ հարաբերությունների մասին: Սակայն մենք չենք խոսել այն հարցերի մասին, որոնք առնչվում են Հայաստանի եւ Եվրամիության, Հայաստանի եւ Միացյալ Նահանգների ու երրորդ երկրների հետ հարաբերություններին»:




























