Բելառուսում ձերբակալվել է երկրի նախագահի օգնական, Գրոդնենյան մարզի տեսուչ Սերգեյ Ռովնեյկոն, հայտնել են երկրի ՊԱԿ-ից: Պաշտոնյային ձերբակալել են 200 հազար դոլար կաշառքը ստանալու պահին: 

Նա հիմա քննչական մեկուսարանում է, խոսոտովանական ցուցմունքներ է տալիս:

Ավելի քան 2 տարի առաջ իրավապահ մարմինները տեղեկացել էին, որ Ռովնեյկոն «իր իրավասության մեջ մտնող հարցերի լուծման համար տարբեր անձանցից» կաշառքներ է ստացել: Այդ ժամանակից սկսած հետեւել են պաշտոնյայի գործողություններին, դրա թույլտվությունը տվել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, պարզաբանել են ՊԱԿ-ից:

Ռովնեյկոյի դեմ քրեական գործ է հարուցվել՝ Բելառուսի Քրեական օրենսգրքի 430-րդ հոդվածի 3-րդ մասով (առանձնապես խոշոր չափի կաշառքի ստացում կամ անձի կողմից, որը պատասխանատու դիրք է զբաղեցնում): Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը կազմում է մինչեւ 15 տարվա ազատազրկում՝ ունեցվածքի առգրավմամբ:

Պաշտոնյան Լուկաշենկոյի օգնականի պաշտոնում նշանակվել է 2015 թվականի հունիսի 25-ին: Մինչ այդ նա ղեկավարել է Բելառուսի Պետական վերահսկողության կոմիտեի նյութական արտադրության ոլորտի ճյուղերի աշխատանքի վերահսկողության գլխավոր վարչությունը: Նախագահի կայքում Ռովնեյկոյի անունը մեկ անգամ է հիշատակվում՝ նրա նշանակման հաղորդագրության մեջ:

Փետրվարի կեսին Լուկաշենկոն, մեկնաբանելով 2 նախարարների հրաժարականը, հայտարարել էր, որ կոռուպցիոներները նախագահից «ներում սպասել չեն կարող»: