2017 թվականի պետական բյուջեի ծրագրային մասում եվրոպական ինտեգրացիայի ոլորտում ունեցել ենք 20 ծրագրեր, որոնք նախատեսված է եղել իրականացնել վարկային միջոցների հաշվին: Այս մասին, այսօր՝ մայիսի 31-ին,ԱԺ-ում 2017 թվականի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ նշեց ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը:
Նրա խոսքով, տարվա ընթացքում այդ ծրագրերի քանակը ճշգրտվել է եւ նախատեսվել է 14 վարկային ծրագրեր, սակայն իրականում միջոցներ օգտագործվել են միայն 9 վարկային ծրագրեր մասով:
«Ընդհանուր առմամբ վարկային ծրագրերը ճշտված մասով եղել են 36 մլրդ դրամի, որոնք ունեն եվրոպական ծագում, որից 28,9 մլրդ դրամն օգտագործվել է: Խոսքն այնպիսի ծրագրերի մասին է, որոնց ծախսերը սահմանված են վավերացված համաձայնագրով: Այդ ծրագրերից խոշորներից մեկը Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի գումարն է, որով օգտագործվել է 8,9 մլրդ դրամի չափով: Երկրորդ մեծ ծրագիրը Վեդու ջրամբարի կառուցման համար Ֆրանսիայից ստացված միջոցներն են, որտեղ ծախսը կազմել է 13,1 մլրդ դրամ»,-ասաց Ջանջուղզյանը:
Ինչ վերաբերում է դրամաշնորհային ծրագրերին, ֆինանսների նախարարը նշեց, որ այդ մասով ունեն երկու խումբ՝ նպատակային դրամաշնորհներ եւ ոչ նպատակային կամ բյուջետային աջակցության դրամաշնորհներ. «Նպատակային դրամաշնորհները եղել են 17-ը, փաստացի օգտագործում ունենք 13-ի մասով: Դրամաշնորհների արժեքը եղել է 26 մլրդ դրամ, կատարողականը կազմել է 8 մլրդ դրամ»:




























