ԱՄՆ-ն կհամաձայնվի Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի գոտու (NAFTA) նոր պայմանների մասին, իր տեսանկյունից, միայն ազնիվ գործարքին, հակառակ դեպքում ոչ մի գործարք չի լինի: Այս մասին նշված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի տարածած հայտարարության մեջ, որն ուղղակիորեն փոխանցվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Տասնամյակներ շարունակ առեւտրի ոլորտում մյուս երկրները շահ են ստացել Միացյալ Նահանգների հաշվին: Դրա վերջը եկել է: Այսօր ավելի վաղ այս հաղորդագրությունը փոխանցվել է Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին. Միացյալ Նահանգները կհամաձայնվի ազնիվ գործարքին, կամ ընդհանրապես ոչ մի գործարք էլ չի լինի»,- նշել է Թրամփը:
Հյուսիսամերիկյան ազատ առեւտրի մասին համաձայնագիրը ստորագրվել է 1992 թվականին եւ ուժի մեջ է մտել 1994 թվականին: Թրամփը մտադիր է պայմանագիրը վերանայել, քանի որ, նրա կարծիքով, համաձայնագրի պատճառով ԱՄՆ-ն կորցրել է արդյունաբերության մեջ իր աշխատատեղերի ավելի քան քառորդ մասը:
Կանադայի եւ Մեքսիկայի հետ համապատասխան բանակցությունները վարվում են 2017 թվականի օգոստոսից: Ինչպես հինգշաբթի հայտարարել էր ԱՄՆ առեւտրի նախարար Ուիլբուր Ռոսը, Վաշինգթոնը տվյալ գործընթացի ավարտի նոր ժամկետներ չի սահմանել: Այն արդեն իսկ ավելի շատ ժամանակ է տեւել, քան սպասվում էր, նշել էր ԱՄՆ առեւտրի նախարարը:





























