Իտալիայի նոր կառավարությունը ձեւավորվել է խորհրդարանական ընտրություններից հետո գրեթե 90 օր անց: 1946 թվականից ի վեր սա երկրի պատմության համար բացարձակ ռեկորդ է: 18 նախարարներից կազմված կառավարության անդամները՝ Ջուզեպե Կոնտեի ղեկավարությամբ, կերդվեն այսօր՝ հունիսի 1-ին, ազգային տոնի՝ Հանրապետության օրվա նախօրեին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Սա կառավարության «փոփոխությունների» համար բավականին խորհրդանշական սկիզբ է, որոնք խոստանում են նրա գաղափարախոսները՝ «Լիգայի» եւ «5 աստղերի շարժման» առաջնորդներ Մատեո Սալվինին ու Լուիջի Դի Մայոն: Վերջինը պնդում է, որ երկիրն ապրում է Երրորդ հանրապետության սկզբի պատմական պահ:
Նոր վարչապետը եւ կառավարության մի քանի անդամներ, ներառյալ պաշտպանության նախարարը (հետեւելով եվրոպական նորաձեւությանը՝ պաշտպանության նախարար կին է նշանակվել՝ Էլիզաբեթ Տրենտը), Հռոմի կենտրոնական Կայսերական ֆորումի պողոտայում անցկացվող հանդիսավոր ավանդական շքերթի ժամանակ կկանգնեն երկրի նախագահ Սերջո Մատարելայի կողքին:
Իտալիայում մարտի 4-ի քվեարկությունից հետո աննախադեպ իրավիճակ էր ստեղծվել, երբ ընտրական օրենսդրության անկատարության պատճառով քաղաքական ուժերից ոչ մեկը բավարար թվով ձայներ չէր ստացել խորհրդարանական մեծամասնություն կազմելու համար: Ըստ որում՝ խորհրդարանը երեք բեւեռի էր բաժանվել: Մեկնաբանների խոստովանությամբ՝ հնարավոր միակ կոալիցիոն կառավարություն ստեղծելու փորձերի տապալումը սպառնում էր նոր ընտրություններով:




























