Եվրամիությունից դուրս գալու գործերի բրիտանիացի նախարար Դեվիդ Դեւիսը պլան է նշանակել, որը նոր լուծում է առաջարկում Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ սահմանի շուրջ վիճահարույց խնդրի համար: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով The Sun թերթը:

Դեւիսի պլանի համաձայն՝ Հյուսիսային Իռլանդիան կգտնվի երկակի օրենսդրության գոտում, ինչը թույլ կտա տարածաշրջանին ազատ առեւտուր վարել ինչպես Մեծ Բրիտանիայի, այնպես էլ ԵՄ-ի հետ: Բացի այդ, նախարարը առաջարկել է մոտ 16 կմ երկարությամբ հատուկ տնտեսական գոտի սահմանել սահմանին: Դա թույլ կտա խուսափելու անցակետերի տեղադրումից, ինչպես դա պահանջում է Եվրամիությունը, նշում է թերթը:

Մայիսի վերջին Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հայտարարել էր ԵՄ մաքսային միությունը լքելու մտադրության մասին, ինչը կհանգեցնի Իռլանդիայի Հանրապետության եւ Հյուսիսային Իռլանդիայի միջեւ կոշտ սահմանի գոյացմանը: Brexit-ի շուրջ բանակցությունները կշարունակվեն մինչեւ 2018 թվականի նոյեմբեր ամիս, ինչից հետո գործարքը պետք է հաստատվի Եվրախորհրդարանի եւ Լոնդոնի կողմից: Բուն Brexit-ը տեղի կունենա 2019 թվականի մարտի 29-ին, ինչից հետո, ըստ պլանի, պետք է լինի անցումային շրջանը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի դեկտեմբերի 31-ը: