Ֆրանսիական «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լը Պենը շնորհավորել է Իտալիայում իր քաղաքական դաշնակից Մատեո Սալվինիին եւ նրա «Լիգա» շարժմանը կոալիցիոն կառավարություն ձեւավորելու կապակցությամբ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Քաղաքական գործիչն այսօր Twitter-ի իր էջում նշել է, որ «Լիգայի» եւ ոչ համակարգային «5 աստղերի շարժման» մասնակցությամբ լիարժեք կառավարության ստեղծումը դարձել է ժողովրդավարության հաղթանակը:

«Բրավո, Մատեո Սալվինիի եւ «Լիգայի» կոալիցիային, որոնք վերջապես իտալական նոր կառավարությունն են ձեւավորում: Սա ժողովրդավարության համար հաղթանակ է ընդդեմ Եվրամիության ահաբեկումների եւ սպառնալիքների: Ոչ մի բան չի խանգարի ժողովուրդներին վերադառնալու պատմության բեմ»,- գրել է Լը Պենը:

Հինգշաբթի երեկոյան հայտարարվել է, որ իրավաբան Ջուզեպե Կոնտեն երկրի նախագահ Սերջո Մատարելայի հետ հանդիպման ժամանակ պաշտոնապես համաձայնվել է ղեկավարել Իտալիայի կառավարությունը: