Իսպանիայի պատգամավորների կոնգրեսը (խոսրհրդարանի ստորին պալատ) հրաժարվել է վստահություն հայտնել Մարիանո Ռախոյի կառավարությանը: Ուրբաթ օրը տեղի ունեցած քվեարկության արդյունքում անվստահությանը կողմ էր հանդես եկել 180 պատգամավոր, 169 դեմ էր քվեարկել, 1 պատգամավոր ձեռնպահ էր մնացել, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը:

Ռախոյին անվստահություն հայտնելուն կողմ էր հանդես եկել նաեւ «Պոդեմոս» կուսակցությունը, ինչպես նաեւ բասկյան ազգայնականները եւ կատալոնյան քաղաքական ուժերը: Դեմ էր քվեարկել վարչապետի Ժողովրդական կուսակցությունը եւ «Քաղաքացիներ» կենտրոնամետ կուսակցությունը:

Նախաձեռնությունը ներկայացվել էր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության կողմից եւ ներառում էր նաեւ կուսակցության գլխավոր քարտուղար Պեդրո Սանչեսի՝ վարչապետի պաշտոնում թեկնածության առաջարկը: Ըստ երկրի սահմանադրության՝ Ռախոյի կառավարությունն այժմ պետք է հրաժարականի դիմում ներկայացնի թագավորին, իսկ սոցիալիստների առաջնորդը համարվում է պալատի վստահությունը ստացած թենածու, ինչի կապակցությամբ թագավորը նրան նշանակում է կառավարության ղեկավարը:

Խորհրդարանի ստորին պալատում կառավարությանն անվստահություն հայտնելու մասին որոշման գրանցման համար պատճառ էր հանդիսացել դատարանի կողմից աղմկահարույց կոռուպցիոն գործով կայացված որոշումը, որում ներգրավված էին նաեւ Ժողովրդական կուսակցության կողմնակիցները: Նրանք մեղադրվում էին կաշառքի, փողերի լվացման եւ հարկերից խուսափելու համար: Բացի այդ, դատարանն արձանագրել է, որ կուսակցությունն օգուտ էր ստանում իրականացված խարդախություններից, ինչի կապակցությամբ Ժողովրդական կուսակցությունը՝ որպես իրավաբանական անձ, պարտավոր է մոտ 245 հազար եվրո վճարել: