Մեքսիկայում անցած տարվա սեպտեմբերից ավելի քան 100 քաղաքական գործիչներ են սպանվել, երբ երկրում մեկնարկել է նախագահական ընտրարշավը, ընտրությունները կկայանան հուլիսի 1-ին, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով Etellekt վերլուծական ընկերության զեկույցը հանրապետությունում նախընտրական քարոզարշավի ժամանակ տեղ գտած քաղաքական բռնությունների մասին։
«Այն պահից, երբ մեկնարկել են ընտրական գործընթացի նախապատրաստությունները, մինչեւ 2018 թվականի մայիսի 31-ը քաղաքական գործիչների ու թեկնածուների 105 սպանություն է տեղի ունեցել»,–նշվում է զեկույցում։ Համաձայն զեկույցի՝ նախընտրական քարոզարշավի ընթացքում 117 քաղաքական գործիչների նկատմամբ սպառնալիքներ են հնչել։
Քաղաքական գործիչների նկատմամբ հաշվեհարդարի վերջին դեպքը անհայտ հանցագործների ներթափանցումն էր հարավ–արեւմտյան Գերերո նահանգի տարածք։ Հինգշաբթի նրանք կրակել են Սան Մարկոս մունիցիպալիտետի ղեկավարի պաշտոնին հավակնող Ռոդրիգո Սալադուին, որը ներկայացնում էր իշխող Ինստիտուցիոնալ հեղափոխական կուսակցությունը։
Մեքսիկան հուլիսի 1-ին կընտրի նախագահ, խորհրդարանի ստորին պալատի 128 սենատորներ եւ 500 պատգամավորներ, ինչպես նաեւ կանցկացվեն նահանգապետերի եւ քաղաքապետարանի ընտրություններ։





























