Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը հունիսի 1-ին ընդունել է ԱՄՆ Նեւադա նահանգում ՀՀ պատվո հյուպատոս Ադրուշան Արմենյանին:

Ողջունելով հյուրին՝ պետական նախարարը կարեւորել է ԱՄՆ նահանգների կողմից Արցախի Հանրապետության ճանաչման գործընթացի եւ Միացյալ Նահանգների հետ երկկողմ առեւտրատնտեսական կապերի զարգացման ուղղությամբ աշխատանքների ակտիվացումը: Այդ գործում ունեցած մեծ ներդրման համար Ա. Հարությունյանը իր երախտագիտությունն է հայտնել ամերիկահայությանը, մասնավորապես՝ Նեւադա նահանգի հայկական գաղութին: Պետնախարարն ընդգծել է նրանց գործուն դերը հատկապես Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման հարցում:

Հանդիպման ընթացքում ՀՀ պատվո հյուպատոսը Ա. Հարությունյանին է փոխանցել գիրք եւ հուշանվեր ԱՄՆ Լաս Վեգաս քաղաքում գտնվող՝ Հայոց Ցեղասպանության 100 ամյակին նվիրված հուշակոթողի մասին:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաեւ Արցախի տնտեսական ներուժի, ներդրումային մի շարք ծրագրերի եւ դրանց իրագործման հնարավորությունների մասին: