Աժ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուստամ Մախմուդյանը, որը եզդի համայնքի ներկայացուցիչն է խորհրդարանում, չի պատրաստվում լքել խմբակցությունը։ NEWS.am–ի հետ զրույցում Մախմուդյանը հայտարարեց, որ եթե լքի ՀՀԿ խմբակցությունն, ապա անելիք չի ունենա խորհրդարանում։ Հիշեցնենք, որ ՀՀԿ–ից ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները եւ գործարար զանգվածի մի հատվածը մայիսի 8–ի ընտրություններում քվեարկեց Նիկոլ Փաշինյանի օգտին։ Իսկ օրեր առաջ շատերի համար անսպասելի ՀՀԿ–ն լքեց պատգամավոր Արթուր Գեւորգյանը, որը դեմ էր քվեարկել Փաշինյանին։ Արթուր Գեւորգյանը համարվում է ՀՀԿ–ի ձայն բերող առանցքային դեմքերից մեկը եւ նրա քայլից հետո տեղեկություններ են շրջանառվում, որ նրա օրինակին հետեւելու են շատերը։
«Մեծամտություն է կտրուկ դատողություն անելը, բայց հավատացնում եմ Ձեզ՝ չեմ պատկերացնում։ Եսդուրս գալու նախադրյալներ չեմ տեսնում։ ՀՀԿ խմբակցությունում լինելը չի խանգարում, որ ես ազատ իմ դիրքորոշումն արտահայտեմ։ Անկեղծ ասած, խմբակցությունից դուրս գալով՝ ես էստեղ անելիք չունեմ, որովհետեւ խմբակցությունից դուրս գալուց հետո հանձնաժողովի անդամ չեմ, որեւէ բարեկամական խմբի անդամ չեմ լինի, այսինքն լիարժեք պատգամավորական լիազորություն չեմ կարողանալու իրականացնեմ»,–ասաց Մախմուդյանը։





























