Սաուդյան արքայազն Բադր բեն Աբդալլահ բեն Ֆարհան Ալ Սաուդը դարձել է թագավորության պատմության մեջ առաջին մշակույթի նախարարը: Ինչպես հայտնել է Մամուլի սաուդյան գործակալությունը, համապատասխան հրամանը թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը ստորագրել է շաբաթ:
Միապետը կարգադրել է անկախ գերատեսչություն ստեղծել: Նախկինում այս հարցերը համակարգում էր երկրի տեղեկատվության եւ մշակույթի նախարարությունը:
Սրանից զատ, թագավորը Աբդել Լաթիֆ Ռահման Ալ աշ Շեյխին նշանակել է իսլամի գործերով նոր նախարար, սաուդցի բիզնեսմեն Ահմեդ բեն Սուլեյման ար Ռաջիին՝ աշխատանքի եւ սոցիալական զարգացման նախարար: Թագավորի հրամանով նշանակվել են նաեւ երկրի ՆԳՆ եւ Էներգետիկայի նախարարության ղեկավարների տեղակալներ:
Կառավարությունում վերադասավորումներն անցկացվել են «Տեսլական-2030» ծրագրի համատեքստում, որով նախատեսվում է սաուդյան հասարակության վերափոխում, այդ թվում մշակույթի հարցերում: Այն իրականացնելու մեկնարկով 40-ամյա արգելքից հետո երկրում բացվել են հանրային կինոթատրոններ, կանոնավորապես անցկացվում են երաժշտական համերգներ ու փառատոներ, ծրագրվում է երկրում առաջին օպերայի կառուցում:





























